Քոչարյանների ընտանիքի բնակարաններում խուզարկություններն իրականացվել են ոչ թե հանցագործությունը բացահայտելու կամ դրան առնչվող առարկաներ առգրավելու, այլ քարոզչական էֆեկտ ստեղծելու նպատակով։ Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ խուզարկությունները մեկ նպատակ ունեին՝ քարոզչությունը. տեսախցիկով նկարահանել ինչ-որ արժեքավոր իրեր, իսկ հետո այդ կադրերը տարածել Քննչական կոմիտեի միջոցով», — պարզաբանեց Սողոյանը։ Նա նշեց, որ համապատասխան տեսանյութերը դեռևս չեն հրապարակվել, և իրավապահներին կոչ արեց քննչական գործողությունները չվերածել հանրային շոուի։ «Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ համակարգին մնալ օրենքի ու օրինականության սահմաններում, չխախտել մարդկանց անձնական կյանքի ու բնակարանի անձեռնմխելիությունը և քրեադատավարական գործողությունները չվերածել շոուի՝ հասարակության ինչ-որ սպասումներ բավարարելու համար», — ասաց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ եթե նման կադրեր, այնուամենայնիվ, հայտնվեն, ապա դրանք «շատ ծիծաղելի» տեսք են ունենալու։ Մասնավորապես, նա նշեց առգրավված ընտանեկան արժեքները՝ հարսանեկան նվերներն ու տատիկ-պապիկներից ստացած ոսկյա զարդերը։ «Շատ ծիծաղելի է վերցնել մարդկանց հարսանեկան նվերները կամ տատիկ-պապիկներից ստացած ինչ-որ ոսկյա հուշանվերն ու դրանք անվանել առարկաներ, որոնք առգրավում ենք փողերի լվացման ենթադրյալ գործի շրջանակում», — նշել է նա։ Այդուհանդերձ, փաստաբանի պնդմամբ, տեղի ունեցողի արտաքին աբսուրդի հետևում շատ ավելի լուրջ խնդիր է թաքնված։ «Կրկին արձանագրում ենք, որ իրավապահ համակարգը դադարել է այդպիսին լինելուց և ավելի շատ վերածվել է իրավական բռնության, բռնաճնշումների ու քարոզչության համակարգի», — ընդգծել է Սողոյանը՝ հավելելով, որ խուզարկությունների մասին որոշումներն արդեն բողոքարկվել են։ Ընդ որում, պաշտպանական կողմը վիճարկում է ոչ միայն բուն քննչական գործողությունների օրինականությունը, այլև այն իրերի առգրավումը, որոնք, փաստաբանի պնդմամբ, որևէ առնչություն չեն ունեցել քննվող գործի հետ։

Անդրադառնալով կալանքներին՝ նա ընդգծել է, որ խոսքը որևէ նոր հանգամանքի մասին չէ, որի մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Քննության առարկա դարձած բոլոր դրվագները հայտնի են եղել առնվազն վերջին յոթ տարիների ընթացքում. Քոչարյանները գիտեին, որ պետությունն զբաղվում է այդ հանգամանքներով և քննում է դրանք։

Տաթևիկ Սողոյանը պատմեց, որ խափանման միջոցի հարցի քննարկման ընթացքում հարց է բարձրացվել․ եթե նախկինում Ռոբերտ Քոչարյանին շատ ավելի ծանր մեղադրանքներ էին առաջադրվել, և այն ժամանակ խափանման միջոցի փոփոխությունը չհանգեցրեց նրան, որ նա որևէ ապօրինի գործողություն կատարեր, ապա ինչո՞ւ է այժմ պնդվում, թե նա կարող է խոչընդոտել քննությանը։ «Որովհետև այն ժամանակ դա անձամբ իրեն էր վերաբերում, և ընտանիքից որևէ մեկին չէր առնչվում։ Այդ դեպքում դա ընդունելի էր։ Բայց քանի որ այժմ գործով անցնում է նաև Սեդրակ Քոչարյանը, նա՝ որպես լավ հայր, կարող է շահագրգռված լինել այնպիսի քայլեր ձեռնարկելու մեջ, որոնք օգուտ կբերեն, պայմանականորեն ասած, Սեդրակ Քոչարյանին», — ասել է փաստաբանը, հավելելով, որ դատախազության բերած ապացույցներն աբսուրդային են։ Նրա կարծիքով՝ այս դրվագը ցույց է տալիս, թե որքան է աղավաղված կալանավորման բուն ինստիտուտը։

Խոսելով պաշտպանական կողմի հետագա քայլերի մասին՝ փաստաբանը հայտարարեց, որ միջազգային ատյաններ դիմելը չի սահմանափակվելու արդեն փորձարկված մեթոդներով։ Միևնույն ժամանակ նա ընդունեց, որ տեղի ունեցողը տարբեր միջազգային հարթակներ բարձրացնելու և Հայաստանի իրավական հեղինակությունը հարցականի տակ դնելու փորձերը կարող են տարակուսանք առաջացնել։ Այդուհանդերձ, նրա խոսքով, պաշտպանությունն այլ ելք չունի։ «Հայաստանում իսկապես ինստիտուցիոնալ մակարդակում սպառված են բոլոր այնմիջոցները, որոնք կարող են զսպել այս ամենաթողությունը», — ասաց Սողոյանը։ Նա համարում է, որ տեղի ունեցողն արդեն դուրս է եկել որևէ իրավական տրամաբանության ծիրից։ Ընդ որում, քաղաքական նպատակը վաղուց հայտնի էր, մինչդեռ այսօր կիրառվող գործիքակազմն ավելի ու ավելի կոշտ է դառնում։