Վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր նորից բանտ վերադառնալու հեռանկարը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՔՊ–ի հետ դաշինքով է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։
«Կարծում եմ, որ նա ըստ էության ներքին դավադրությունների զոհ է, այսինքն նա գերու կարգավիճակ ունի։ Ինքը համայնքում հեղինակություն է վայելում և եթե հիշում եք նախորդ ընտրություններին իրեն հաջողվեց ՔՊ-ի թեկնածուին հաղթել բանտում գտնվելով, նա հաղթեց ՔՊ-ի թեկնածուին և հիմա, ըստ էության, ՔՊ-ն Առուշին գերեվարել է։ Իմ տպավորությունն յն է, որ նրան սպառնացել են վերստին բանտային կալանքով, չէր կարող 180 աստիճանի ռադիկալ փոփոխություն լիներ տեսակետների։ Փաստ է, որ պարոն Առուշանյանը ազգասեր կեցվածք է ընդունել և Նիկոլ Փաշինյանի հետ լուրջ խնդիրներ է ունեցել, դրանից հետո, փաստ է, որ ինքը հետապնդումների է ենթարկվել, այդ թվում բանտային կալանքի, փաստ է, որ նա հաղթել է ՔՊ-ի թեկնածուին, փաստ է, որ նա հիմա ՔՊ-ի հետ դաշինք է կազմում։ Այս ամեն ինչը համայնքի բնակիչների կարծիքի հետ պետք չի կապել, սա ներիշխանական իրավական գործիքակազմը գործադրելու գործողությունների հետևանք է»,–ասաց նա։
Խոսելով վանաձորի և Գյումրիի ընտրություններին, Ղազարյանն ասաց. «Մամիկոն Ասլանյանը բանտում հայտնվել է ՔՊ-ի հետ չհամագործակցելու հետևանքով։ Նրա ընտրության օրը, եթե հիշում եք, ընտրություն էր նաև Գյումրիում, որտեղ հաջողության հասավ «Բալասանյան դաշինքը»։ Եթե հիշում եք, «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչները մինչև ընտրություններ ասում են որ իրենք ՔՊ-ի հետ ոչ մի պարագայում չեն համագործակցի։ Ընտրության հաջորդ օրը այդ դաշինքի ազդեցիկ մի շարք ներկայացուցիչներ ձերբակալվեցին ԱԱԾ–ի կողմից, վարույթներ նախաձեռնեցին, որից հետո «Բալասանյան դաշինքը» ստիպված եղավ դաշինք կազմել ՔՊ–ի հետ։
Նույն ժամանակաշրջանում Մամիկոն Ասլանյանը հրաժարվեց ՔՊ-ի հետ համագործակցելուց և անմիջապես ձերբակալվեց։ Նա եղել ամենաերկար բանտում նստած քաղբանտարկյալներից մեկն է»։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ՔՊ–ն ինստիտուցիոնալ կայացած կուսակցություն չի, հատկապես տեղերում իրենք ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնք տեղերում հեղինակություն ունենան, չունեն, դրա համար իրենք իրենց համար գործընկեր են վերցնում նախկինում Հանրապետական կուսակցության միջոցով պաշտոնով զբաղեցրած համայնքապետերի։ Օրինակ, Եղեգնաձոր համայնքում առաջիկա ընտրություններին ՔՊ–ն առաջադրելու է Հուսիկ Սահակյանի թեկնածությունը, որը իմ մարզպետ եղած շրջանում Ռինդի գյուղապետն է, ՀՀԿ–ի անդամ։
Հիմա որտեղ իրենք կարողանում են այս մարդկանց իրենց կողմը բերել քրեական գործերով, ինչ-որ շահագրգիռ մեխանիզմներ ստեղծելով, այդպես են անում, եթե չէ, ընդդիմությունը հաղթում է, հաղթած համայնքի ղեկավարներին ձերբակալում են։ Օրինակ, Գյումրիում, Վարդենիսում, Բերդում, Ալավերդիում էլ ապօրինի կերպով հեռացրեցին համայնքի ղեկավարին։ Այսինքն իրենք չեն հաշտվում ժողովրդի ընտրության հետ։ Տեղական ինքնակառավարումը իշխանությունը հիմնահատակ վերացրել է մեր երկրում«»,– ընդգծեց Էդգար Ղազարյանը։











