Սեպտեմբերի 16-ի Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Խորհրդարանականն իր ելույթում, անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ նախկին իշխանությունների վատ կառավարման վերաբերյալ քննադատություններին, մասնավորապես նշեց․ «Ես էլ, երբ 1994 թվականին առաջին դասարան էի գնում, դպրոցում վառարան էր եղել, իսկ մինչ այդ՝ ածուխով վառարաններ։ Բայց երբ գնում էինք դպրոց, հենց դպրոցի մուտքի մոտ տեսնում էինք Մեսրոպ Մաշտոցի նկարը, ու մեծ գրված էր․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այլ ոչ թե Մեսրոպ Մաշտոցի նկարի փոխարեն գրված է․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Ես էլ, առիթից օգտվելով, ուզում եմ մեր մատաղ սերնդին ասել․ հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ «նիկոլական չդառնաք»»։
Վերջին նախադասությունը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ, իշխող խմբակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանին։ Նա մոտեցավ ամբիոնին և հայտարարեց, թե Հայաստանի երկրորդ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի փաստացի ղեկավարը, տգետ է, քանի որ «մինչ օրս մեկ բառի մեջ 8 սխալ է անում»։ Սա, ինչպես և սպասվում էր, բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին։ Ալեքսանյանը, սակայն, չհանդարտվեց. նրա ելույթը դարձավ ավելի էմոցիոնալ ու ագրեսիվ։
Բորբոքված փոխնախագահին կարողացավ հանգստացնել միայն նրա կուսակից, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այնուամենայնիվ, երբ Ռուբինյանը հասկացավ, թե ինչից է բռնկվել վեճը, անմիջապես սպառնաց «պատժամիջոցներ կիրառել» Սևակ Խաչատրյանի նկատմամբ։
«Ես շատ համբերատար եմ, բայց թույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկն իրեն իրավունք վերապահի վիրավորել ժողովրդին։ Ինձ ուշադիր լսեք. կապ չունի՝ ով ում է ընտրել, բոլորն էլ մեր հայրենակիցներն են, բոլորն էլ դաստիարակված ու կիրթ են, մեր քույրերն ու եղբայրներն են։ Ու ընդհանրապես զգուշացնում եմ՝ եթե մի անգամ էլ փորձեք տեղից ընդհատել ելույթ ունեցողներին, անձամբ ձեզ դուրս կհրավիրեմ դահլիճից», — բարձր ձայնով հայտարարեց խորհրդարանի ղեկավարը։











