Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք մատյանին և բնագրերին. ՀՀ–ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյային՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:

Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել էր. «Հաջիևը ծաղրեց հայերից՝ փորձելով խեղաթյուրել Գանձասարի հայկական լինելու փաստը, բայց մենք կարող ենք այդ բացը լրացնել, մոտեցեք ամբիոնին հիմա ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է»։

Փաշինյանն ասաց. «Ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը։ Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակագրումը, եթե մենք մեր առջև խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին։ Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Բայց դա մեզ համար որևէ՝ բան չի փոխել ու չի փոխելու։ Մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք։

Մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունը արժեք է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, և պետք է թե Հայաստանում,. Թե Ադրբեջանում խնամքով վերաբերվել խաղաղությանը։ Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, առավելևս այս տեսակետից անընդունել ու անհասկանալի է։ Մյուս կողմից սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ»։

Լենա Մաթևոսյանը նկատեց, որ այդ խաղաղությունը միայն Հայաստանի իշխանությունն է «խնամում». «Խաղաղությն խնամքը երկկողմանի պետք է լինի։ Հակառակ կողմի եկող պահանջները բացարձակ ուրիշ բանի մասին են»,–ասաց նա։

ՀՀ վարչապետն արձագանքեց. «Այո, մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետեւ դա մեզ համար արժեք է։ Այսօր տարածշրջանում շատերը կան, որոնց համար դա արժեք չէ։ Ես մեկ ամիս առաջ ասել եմ, որ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է։ Այս դահլիճում մենք հեշտությամբ կարող ենք փլուզել խաղաղությունը, բայց հետո այս կետիվ հասնելու համար մեզ 30 տարի է պետք լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կտարել ենք մեր ընտրությունը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները անհիմն էր որակել՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում: