Դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ, երբ ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին եք խոսել, իզուր ձեզ և ձեր արարքները մի գաղափարականացրեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Դուք գալիս եք այստեղ հեգնում եք մեր փոքրանալը ու դա ներկայացնում եք ձեր հաղթանակ, ես շատ անկեղծ ասում եմ, եթե ձեր գործողությունների արդյունքում մենք ավելի փոքրանանք, «Ուժեղ Հայաստանն» էլ փոքրանա, բայց ընդդիմությունը, ոնց որ այս ընտրություններում ավելանա, դա բերելու է ձեր պարտության, իշխանությունը էլ չեք կարողանալու ձևավորել։ Այնպես որ դա մեր հաղթանակն է լինելու, երանի ձեր ասածով լինի։
Եվ երրորդը, 100% համաձայն եմ ձեզ հետ, երբ ասում եք, որ Հայաստանի համար սպառնալիք է, երբ տնտեսության մի կարևոր ճյուղը, օրինակ 90% -ով կախված է որևէ մեկ պետությունից։ Իրավիճակի հեգնանքն այն է, որ ձեր կառավարման արդյունքում ու հետևանքով մեծացել այդ կախվածությունը, ու եթե դա վերաբերում է տնտեսության մի ճյուղի, բա ինչքա՞ն է վերաբերում խաղաղությանը։ Մենք էլ ենք դա ասում, ո՞նց կարող է խաղաղությունը կախված լինի մեկ մարդու կամքից, բա դա սպառնալիք չի՞, տնտեսության մի ճյուղի կախված լինելը մի պետությունից սպառնալիք է, խաղաղության ամբողջապես կախված լինելը մի մարդու կամքից սպառնալիք չի՞։
Հիմա հարցը, ի՞նչ իրավական հիմքով եք վարչատարածքային բաժանման մասին օրենքով Հայաստանի տարածք համարվող Տիգրանաշենը անվանել ադրբեջանական անունով։ Դուք չեք կարող քարտեզ վկայակոչել, որովհետև դուք ինքներդ եք ասել, որ քարտեզը իրավական հիմք չէ։ Ո՞րն է այդ իրավական հիմքը»,–ասաց նա։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես Քյարքին անվանել եմ Քյարքի։ Քյարքի եմ անվանել, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ չէի անվանի Քյարքի։ Իրավական հիմքն էլ էլի նույն է՝ Ալմա Աթայի հռչակագիր, Խորհրդային Միություն և Խորհրդային Միության փլուզման պահին հանրապետությունների տարածքները արտահայտող քարտեզներ, Խորհրդային Միության վերջին դեյուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներ»։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս հարցը տվել է, որ քաղաքացիները տեսնեն, որ վարչապետն իրավական հիմք չունի. «Ձեր իրավական հիմքը Ալիևի հայտարարություններն են։ Եթե Ադրբեջանը վաղը պահանջի հայկական բանակը լուծարել, դուք դրա իրավական հիմքն էլ եք փնտրելու գտնեք։ Ես ձեր աշխատակազմին հարցում եմ ուղարկել սրա մասին, չեք կարում գտնեք։
Ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք սպառնացեք, ինչ կրքոտ ելույթ ուզում եք ունեցեք, կա պարզ իրողություն. Արցախի Հանրապետության չորս նախագահներից երեքը հիմա գտնվում են Բաքվի բանտում, մյուսը՝ Երևանի բանտում: Ես չգիտեմ՝ դուք ոնց եք անում, բայց ինչ անում եք, վերջը դառնում է Ադրբեջանի պահանջի կատարում»,– ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Քարտեզը իրավական հիմք դառնում է այն ժամանակ, երբ որ քարտեզը իրավական հիմք դարձնող իրավական հիմք է առաջ անում: Այդ իրավական հիմքը առաջացել է 2024 թվին, ոչ թե 22՝ ստորագրված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որը անցել է Սահմանադրական դատարանով, եկել է Ազգային ժողովում, վավերացվել է։ Այդ պահից է դրա իրավական ուժը կրկնապատկվել և եռապատկվել։ Խաղաղությունը մի անձից կախված չի, խաղաղությունը կախված է բազմաթիվ անձերից, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։
ՀՀ ավելի քան 700000 քաղաքացի ընտրություններին գնացել է քվեարկել և խաղաղությանը տեր է կանգնել։ Դա է պատճառը, որ մենք հիմա ունենք խաղաղություն»։











