Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Բա որ անհանգստանալու որևէ բան չունեք, ի՞նչ պնդիր կա, որ էսօր առանց գործերը կարճելու, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ չգտնվեն։ Նույնիսկ հասել ենք նրան, որ համյնքային ընտրության համատեքստում մարզպետներից մեկը կանչել է ընդդիմադիր մի մարդու, ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին։ Ու էդ ռեպրեսիաների ու վաախի մթնոլորտում ասում եք՝ դե եկեք հեղափոխություն արե՞ք։
Թալանի մասի խոսեցիք, 8 տարվա թալանի վերադարձի խորհրդանիշը Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող տունն է։ Կալանքի տակ գտնվող տունը մի քանի ժամով կալանքից հանվել է, մի մարդ գնել է այդ տունը։ Այդպես եք դուք թալանի վերադարձ անում։ Էս դեպքում ժողովուրդը Նարեկ Նալբանդյանն է։ Նույնը ուժային կառույցի ղեկավարը, էլի նման մի տուն հանում են ցանկից, իր որդին գնում է»,–ասաց նա։
Աննա Գրիգորյանը խոսեց նաև Տիգրանաշենի մասին. «Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի։ Մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր։ Չեք զգո՞ւմ, որ մեր դիմադրողականության ներվերը մաշում եք հանուն Ալիևի սիրույն ու ոչինչ չեք ստանում դիմացը»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ խոստովանել, որ եթե քարոզարշավի ընթացքում ունեցել եմ դժվարություններ, և եղել է թեմա, որը մարդկանց կոնկրետ ստիպել է մեզ վրա ջղայնացած, կատաղած չքվեարկել մեր օգտին, այդ թեման եղել է այն, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ինչու թալանը վերադարձված չի։ Երբ ասվում է, որ իր կառավարման տարիներին առնվազն 200 մլն դոլարի (դա այս պահին բացահայտված մասն է, դա պետք է կրկնապատկել ու եռապատկել) ունեցվածք ունեցող մարդուն դրա համար քրեական հետապնդման ենթարկելը կարող է համարվել ռեպրեսիա, այդտեղ եփած հավի ծիծաղը գալիս է։
Այսինքն ուզում եք ասել, որ ՀՀ–ում կա մարդ, որ չգիտի, որ այդ բոլոր մարդիկ հանցագործնե՞ր են։ Կամ իբր դուք չգիտե՞ք։ Եթե անձամբ դուք այդ հարցի պատասխանները չգիտեք, շատ ավելի վատ ձեզ համար։ Բա այդ եպքում 2018-19 թվականին ի՞նչ գործ ունեիք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։ Բա եթե չգիտեիք, , կարիերի՞ստ էիք, մտել էիք, որ կարիերա անեիք, հետո կարիերայի ավելի հարմար տեղ եղա՞վ։
Ինչ վերաբերվում է անկլավներին, նախընտրական շրջանում ես շատ հստակ, պարզ, թափանցիկ խոսել եմ անկլավների պրոբլեմների մասին։ Այդ թեմայի մեջ ոչ մի մեծ և փոքր նորություն չկա։ Դրա մասին խոսել ենք և Տավուշում, և Ոսկեպարում, և Կիրանցում, և մնացած բոլոր տեղերում»։
Աննա Գրիգորյանը նկատեց, որ կարիերա սովորաբար անում են իշխանության շրջանակներում. «Բազմաթիվ հանրապետականներ հանուն կարիերայի, հանուն հաջողությունների և որոշակի հնարավորությունների, եկել ձեր կողքը կանգնել են։ Եկել ում եք ինչ ասում։
Ես վստահ եմ, որ ձեզ զեկուցել են, որ այդ գործի շրջանակներում չի հիմա կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, ես վստահ եմ, որ ձեզ դա զեկուցել են։ Կրկնում եմ, առանց գործերը կարճելու համարձակություն ունեցեք, ազատ արձակեք բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, եթե չեք վախենում որևէ այլ բանից՝ հեղափոխություն լինի, իշխանափոխություն լինի։ Ո՞րն է խնդիրը, որ բոլոր ընդդիմադիր առաջնորդների կալանավորում եք, իսկ Քյարքի դուք համարձակություն չեք ունեցել ասել մինչև ընտրությունները»,–ասաց նա։
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց. «Դուք ասում եք, որ ես Արցախը հանձնել եմ։ Այդ ժամանակ ձեր ասած բոլոր մարդիկ եղել են ազատության մեջ, Այստեղ առնվազն ձեր հարցի մեջ տրամաբանական հակասություն կա, այսինքն կարայիք կանխեիք, չեք կանխե՞լ։ Ուրեմն մի հատ էլ դրա համար է պետք քրեական գործ հարուցել և կալանքը կրկնապատկել։
Եթե դուք հիմա եկել եք, այդ տեղից կանգնել եք և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը պաշտպանում եք, առնվազն ի՞նչ ասեմ, հալալ է ձեզ, շարունակեք պաշտպանել, թող մարդիկ էլ տեսնեն, որ դուք Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը պաշտպանում եք, ես գոհ եմ դրանից»։











