Եթե այլընտրանքները չլինեին, մասնավորապես ադրբեջանական բենզինը չլիներ, ապա Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում թանկացել բենզինը, այն դեպքում, երբ կառավարությունը խոսում է շուկաների դիվերսիկացման մասին։

«Հայաստանում այս պահին համեմատության մեջ աշխարհում ամենաքիչ թանկացած տեղերից մեկն է։ Առհասարակ, պետք է ասել, որ բենզինը ամբողջ աշխարհում շատ կտրուկ է թանկացել։ Եթե ծանոթներ ունեք, օրինակ, ԱՄՆ–ում, Եվրոպայում, Ասիայում, հարցրեք, ոչ թե քանի տոկոս, այլ քանի անգամ է թանկացել։ Հայաստանում տոկոսներով է թանկացել։ Ադրբեջանից բերում ենք, որ մի քանի անգամ չթանկանա։ Եթե չլիներ այս այլընտրանքը, Հայաստանում բենզինը երևի մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։

Եթե պրոբլեմներ կան Հորմուզի նեղուցում, Բաբ էլ–Մանդեբի նեղուցում, նավթի գները համաշխարհային նոր ռեկորդներ են սահմանում, բնականաբար դա չի կարող ինքնարժեքի վրա չունենալ ազդեցությունը։ Լուծումը ո՞րն է, հնարավորինս շատ աղբյուրներ ունենալ, որպեսզի ցանկացած դրական արդյունք հնարավորինս մեծ ազդեցություն ունենա, ցանկացած բացասական արդյունք հնարավորինս փոքր ազդեցություն ունենա։

Նույնը հեղուկ գազի մասին է առհասարակ էներգակիրների գները, եթե աշխարհում նայում եք, տեսեք ինչ ռեկորդներ են այնտեղ գրանցվում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակին, Գևորգ Պապոյանն ասաց. «Ես հրապարակել էի, որ այս տարվա ամենամեծ արտադրական ծավալը «Արարատցեմենտը» տվել է օգոստոսին՝ 95-96 հազար։ Սա, ըստ էության, այդ գործարանի այս պահին ունեցած արտադրական հզորությունների առավելագույնն է։ Այս տեմպը պահպանվելու է։

Ներմուծումը պատմական նվազագույնի վրա է այս պահին։ Եթե, օրինակ, հունիսին Հայաստանը ներմուծվել 59 200 տոննա ցեմենտ, ապա օգոստոսին ներմուծվել է 49000 տոննա։ Այսինքն ցեմենտի ներմուծման խնդիր կա, երկրում կա ցեմենտի մեծ կարիք, բայց ներմուծումը պակասել է։ Խնդիրը սահմանափակումը չէ, խնդիրը տուրքը չէ, խնդիրն այն է, որ հարևան երկրները ևս ունեն ցեմենտի մեծ պահանջարկ, նաև հազարավոր մեքենաների հերթեր կան իրանական կողմում՝ մեծ ներմուծումների պատճառով, և ըստ էության չեն հասցնում ներմուծողները ամբողջ ծավալով ներմուծել»։

Հարցին՝ ինչո՞ւ է թանկացել ցեմենտը, Պապոյանը պատասխանեց. «Ցեմենտը թանկացել է հետևյալ պատճառով. ներմուծման ծավալը քչացել է շուկայում, հարևան երկրներում մեծ պահանջարկի և լոգիստիկ որոշակի հարցերի պատճառով, և միևնույն ժամանակ շինարարությունը Հայաստանում աճել է 25%-ով, պահանջարկը 25%-ով մեծացել է, դա բերել է նրան, որ շուկայում վերավաճառողներ են հայտնվել։ Եթե որևէ մի ներմուծող կարողանա որևէ երկրից բերել օրական 3000 տոննա ցեմենտ, այդ ցեմենտը «Արարատցեմենտի» առաջարկած գնից մի 5000 դրամ տոննան բարձր գնով մեր ամբողջ շուկան կգնի»։