Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7-ի:

Լրատվամիջովները հաղորդում են, որ հիվանդանոցում մահացել է  տեղացի մի կին:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, զոհերի թվում կա Գերմանիայի քաղաքացի, որն իտալական Բոլոնյեում էր գտնվում գործնական այցով, ինչպես նաեւ 103-ամյա երկարակյաց կին Սանտ Ագոստինոյից: Երկու  կանայք էլ մահացել են ապրած վախի հետեւանքով ստացած սրտի կաթվածից:

6.0 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել են մայիսի 20-ի գիշերը` Էմիլիա-Ռոմանիա շրջանում: Հիպոկենտրոնն ընկած է եղել 10 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է տարածաշրջանի մայրաքաղաք Բոլոնիայից 50 կմ հեռու: Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում նահանգում ցածր հզորությամբ ցնցումներ են տեղի ունեցել:
Աղետի հարվածը վնասել է  մեծ քանակությամբ ինչպես արտադրական, այնպես էլ պատմական շենքեր: Երկրաշարժի արդյունքում տուժել են ավելի քան 50 մարդ:

Ինչպես հայտնում է  vesti.ru-ն, Սան Ֆելիչե սուլ Պանարոյի ամրոցը, որը կերտվել է դեռեւս միջնադարյան դարաշրջանում, 20 վայրկյանում կորցրել է իր 4 աշտարակներից 3-ը: Քարերի կույտի է վերացվել նաեւ քաղաքիկի գրեթե ամբողջ պատմական կենտրոնը: Այն ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, իսկ այժմ դրանք ավերակների է վերածվել:

Գրեթե ամբողջությամբ ավերվել է Ֆերարա քաղաքի կերամիկական գործարանը: Փլատակների տակ զոհվել են 4 աշխատողներ:
Բարեբախտաբար կանգուն է մնացել Ֆերարայի գլխավոր խորհրդանիշը` դ’Էստե դքսերի ամրոցը, չնայած այն էլ է տուժել, մասնակիորեն վնասվել է աշտարակներից մեկը: