Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Դատարանը քննում է վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Առիթ էր դարձել ՀԱԵ-ի պաշտպանությանն ուղղված հայտնի հայտարարությունը։ Այս պահին Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։

Նիստը սկսվել է կես ժամ ուշացումով։ Սկզբում դատավոր Վահե Դոլմազյանն ընդունել է Սամվել Կարապետյանի նոր փաստաբան Անահիտ Առաքելյանի փաստաթղթերը։ Այնուհետև, երբ դատավորը պատրաստվում էր անցնել վկաների հարցաքննությանը, նկատել է, որ դրա համար նախատեսված տեղում տեղադրված են լրատվամիջոցների միկրոֆոնները։ Դատավորը պահանջել է հեռացնել դրանք, սակայն, ընդառաջելով լրագրողների՝ միկրոֆոնները չհեռացնելու խնդրանքին և հաշվի առնելով գործի հանրային նշանակությունը, բավարարվել է լոկ փոքրիկ տեղաշարժերով։ Առաջինը հարցաքննվել է վկա Պավել Մարտիրոսյանը։

Հարցաքննությունն աչքի է ընկել մեղադրանքի կողմից առաջադրվող բացառիկ հետաքրքիր հարցադրումներով ու ենթադրություններով։ Խոսքն այն մասին էր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի կառավարությունը ստանձնել էր բնակչության մի մասի՝ «Արդշինբանկի» նկատմամբ ունեցած վարկային բեռը։ Դատախազն իր հարցերը ձևակերպում էր «եթե»-ների տրամաբանությամբ, ինչն էլ վկան պարբերաբար մատնանշում էր։ Դատախազին հետաքրքրում էր, թե ինչու է Արցախի կառավարությունը ստանձնել վարկային բեռը, իսկ երբ Մարտիրոսյանը մատնանշել է, որ դա արվել է բնակչությանն աջակցելու համար, նա երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե կոնկրետ ում է տրվել այդ աջակցությունը։