ՀՀ Ազգայի ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին լսելու համար նրանց մոտեցան «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու նույն խմբակցության պատգամավոր, արցախցի Արեգա Հովսեփյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիները պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վաղը 4 դեսպանների հետ հանդիպում ունեն, որի ժամանակ կներկայացնեն Հաջիևի կողմից Արցախի հայկական եկեղեցիները աղվանական համարելու անթույլատրելիության հարցը։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը դիմելով Նարեկ Կարապետյանին, ասաց, որ մարդիկ, նույնիսկ բնակարանի գնման սերտիֆիկատները ձեռքներին,  հնարավորություն չունեն բնակարան ձեռք բերել, քանի որ դրանք թանկ են շատ. «Առաջարկում ենք լսումներ կազմակերպել, որի ժամանակ բարձրաձայնեք մեր հարցերը, որոշումներ կայացնեք։

Ադրբեջանական կողմը Գանձասարը համարում է աղվանական, վաղը մեր ունեցվածքն էլ են անվանելու աղվանական, որովհետեւ մենք կարգավիճակ չունենք։ Մենք պետք է հստակ կարգավիճակ ունենանք, որ եթե վաղը մի լույս բացվի, հետ վերադառնանք, կարողանանք մեր իրավունքը, տիրոջ կարգավիճակը կարողանանք ապահովել»։

Նա նաև ներկայացրեց, թե ինչու են արցախցիներն ուզում Երևանում տուն ձեռք բերել. «Արցախցիները մեծ ուրախությամբ գնում են սահմանամերձ գյուղեր տեսնում, որ այդ գյուղերը դատարկ են։ Տեղի բնակչությունը չի ապրում այդ գյուղերում, հեռացել են։ Ի՞նչ պատճառով է, որ տեղի ժողովուրդն այդ գյուղերում չեն ապրում, իսկ մեզ ասում եք գնացեք։ Մենք դեմ չենք, բայց արցախցին այնտեղ գնալով տեսնում է հայաթափված գյուղեր։ Դուք այդ հարցերը լուծեք, որ ոչ միան արցախցիները, այլև տեղաբնակները ցանկանան ապրել այդ գյուղերում։ Հարցի պատասխանը պիտի իշխանությունները տան»,- պարզաբանեց Ա. Իսրայելյանը։

ՀԿ ղեկավարը նաև անդրադարձավ Արցախի «էլիտային»։ «Ո՞ւր են, այս հասարակ ժողովուրդն այսօր եկել հասել է այստեղ, կարո՞ղ է դրա համար էլ են ձերբակալում կամ ճնշում։ 3 տարվա մեջ դուք չկարողացաք համախմբված հարթակ ձևավորել, որ ժողովուրդն էլ ձեր մեջքին կանգնի։ Մի մասն վայելում են ոչ քրտինքով ձեռք բերած հարստությունը, մյուս մասն էլ՝ վախվորած են։ Բա ես չեմ վախենո՞ւմ ձերբակալվելուց։ Ձեր ընկերները Բաքվի բանտում են, թասիբ չունե՞ք»,- ասաց նա։

Իր հերթին Նարեկ Կարապետյանը նշեց, որ իրենք կարող են ԱԺ–ում լսումներ կազմակերպել, որին կարող է մասնակցել մինչև 70 մարդ. «Փորձենք սոցիալական հարցերի լուծման նպատակով գործիքակազմ կազմել»։