«Ահաբեկիչներին զիջումների չեն գնում», - այսպես է մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «ապօրինի գույքի գործով» հնարավոր գործարքի վերաբերյալ հարցը։
Միկոյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն դիտարկմանը, որ շուտով կլրանա մեկ ամիս, ինչ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, նշել է, որ ցավով արձանագրում է՝ կարող է լրանալ նաև երկրորդ ամիսը, սակայն այն, որ սա երկրորդ նախագահի չորրորդ կալանավորումն է, վառ վկայությունն է այն բանի, որ գործարքներ չի լինելու։ Մեկ ընտանիքի երկու անդամի կալանավորումը նա անվանել է «ստալինյան ոճի» գործողություններ։ Պայքարը շարունակվելու է, ոչ մի ողբերգություն չկա, ողբերգությունը տեղի է ունենում և դեռ տեղի կունենա երկրի հետ, արձանագրել է Միկոյանը՝ նկատի ունենալով իշխանությունների քաղաքականության հետևանքները։
Խոսելով այն մասին, որ իշխող մեծամասնությունն ու կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, իրենց ելույթների առյուծի բաժինը նվիրում են Քոչարյանին, գրասենյակի ղեկավարը ավելի մանրամասն մեկնաբանելու հնարավորությունը թողել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, քանի որ «քաղաքական Չեռնոբիլում ծառայում են նրանք»։ Նրա խոսքով՝ վարչապետին չափազանց դուր է գալիս «ԿԳԲ-ի պոդվալ» արտահայտությունը, և նա իր ելույթների 80-90 տոկոսը նվիրում է այնտեղ ուղարկված նախկին նախագահին՝ երկրի առաջ կանգնած միլիոնավոր խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն։
Մեկնաբանելով Փաշինյանի սպառնալիքներն ու խորհրդարանի նիստը դիտողների հիշողության մեջ մնացած՝ ընդդիմությունից կոշիկները խլելու խոստումները, Միկոյանը Փաշինյանին համեմատել է Մոխրոտիկի հետ և քիչ էր մնում գովեր դերասանական վարպետության համար։ Ինչ վերաբերում է «հախթանակ» (հաղթանակ) բառում ուղղագրական սխալի համար ընդդիմության հասցեին հնչեցված հարձակումներին, ապա գրասենյակի ղեկավարը հիշեցրել է, որ բառը կարող են սխալ գրել նրանք, ովքեր հենց այդ հաղթանակն են տանում։ Իսկ իշխանամետ գործիչներին նա խորհուրդ է տվել սովորել ճիշտ գրել «կոմբիկորմ» բառը։
«Գործով որևէ գործարք և զիջում չի լինելու։ Մեկ ընտանիքից 2 մարդ կալանավորված է. սա պատանդ վերցնել է և ահաբեկչություն։ Իսկ ինչպես գիտեք, ահաբեկիչների հետ զիջումների չեն գնում», - եզրափակել է Բագրատ Միկոյանը։











