Ադրբեջանում հայտարարել են, թե իբր հայկական կողմը որմնանկարներ է գողացել Դադիվանքից և Գանձասարից։ Սա Հայաստանի վարած արտաքին քաղաքականության և մինչ օրս եղած արձագանքի ուղղակի հետևանքն է։ Սեպտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս քայլով ևս մեկ անգամ հաստատվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արտաքին քաղաքականությամբ երկիրը զոհից վերածում է «ագրեսորի»։
«Առաջին հարցը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում աղավաղել իրականությունը՝ միջազգային հանրությանը հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելով որպես աղվանական։ Մեկ պատճառով․ որպեսզի խուսափի էթնիկ զտումների պատասխանատվությունից և այն ամենի համար, ինչ Բաքուն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում։ Ահա թե ինչու է Ադրբեջանը ցանկանում ոչնչացնել հայկական հետքը։ Նա ուզում է ցույց տալ, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այս հարցում Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ, ըստ էության, լվանում են Իլհամ Ալիևի արյունոտ ձեռքերը՝ լեգիտիմացնելով մեր բնակչության բռնի տեղահանումը»,- նշել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունների լռությունը վնաս է հասցնում երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։











