Չգիտենք, թե իրականում ինչ է փոխվել, բայց դատավորը իր որոշման մեջ նշել էր, որ հաշվի է առնում, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պատահեց, որ Արեգնազ Մանուկյանի կալանքի մեկ ամսիը դեռ չի լրացել, սակայն դատարանն այն փոխարինեց տնային կալանքով։
«Եվ այսպես, խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ պետք է պաշտպանության կողմը նոր միջնորդություն ներկայացնի այն հիմքով, որ նախնական դատական նիստերն ավարտվել են և կալանքի անհրաժեշտություն չկա, քանի որ Արեգնազ Մանուկյանի կալանքի միակ հիմքը վարույթի մասնակիցներին հնարավոր խոչընդոտելն էր։
Այս պարագայում, իհարկե, երեխայի լավագույն շահի պահպանման տեսակետից լավ է, որ փոխվեց տնային կալանքի, բայց, ըստ էության, խստացվեց այն ռեժիմը, որը դատավորը ներկայացրել էր նախորդ կալանքի որոշմամբ։ Կալանքի որոշմամբ դատարանը շփման որևէ սահմանափակում չէր արձանագրել, իսկ այսօր դատարանը որոշեց, որ պետք է կալանքը փոխվի, բայց շփման սահմանափակումները վերադարձան»,–ասաց նա՝ հավելելով, որ տնային կալանքի որոշումը անպայման կբողոքարկեն։
«Ենթադրենք, գաղտնիք հրապարակելով պետությանը վնաս է հասցրել։ Քրեական օրենքը այդ արարքի համար նախատեսում է կամ տուգանք, կամ կարճաժամկետ ազատազրկում, իսկ եթե ծանր ձևերն են, մինչև երեք թե հինգ տարի ազատազրկում է։ Այս պարագայում ծանր ձևերի մասին որևէ բան չունենք, բայց այն վերջնական պատիժը, որ պետք է լիներ, տիկին Մանուկյանը կրել, վերջացրել է»,–ասաց նա։
Սողոյանն ասաց, որ որևէ ցուցմունք չկա Արեգնազ Մանուկյանի դեմ. «Արեգնազ Մանուկյանը հիմա դատարանում է, ոստիկանության ուղեկցությամբ է գնալու տուն, որևէ այլ անձի հետ շփվելու իրավունք չունի»։
Նշենք, որ դատարանն այսօր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր քրեակատարողական հիմնարկում։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, իսկ պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է անհիմն։











