Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները «Հայաստան» դաշինքի համար միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեր խոր համոզմունքն այն է, որ մինչև մեր հայրենակիցները կարողանան իրացնել վերադարձի իրենց իրավունքը, որը արցախահայերի անքակտելի իրավունքն է, որը որևէ կերպ չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածություն հրահրող ինչ-որ ակտ, իրենք պետք է Հայաստանում ապրեն արժանապատիվ, հնարավորինս կոմպակտ։

Տնավեր մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով հարգվեն և բավարարվեն։ Երբ անցյալ տարի ՄԱԿ զարգացման ծրագիրը մեզ տեղեկացրեց, որ որոշակի բյուջե հասանելի է ֆրակցիաների գործունեությունը խթանելու կամ ավելի արդյունավետ դարձնելու համար, առանց վարանելու մենք ասեցինք, որ մեզ համար կարևորագույն խնդիր է վերլուծել, հասկանալ, թե մեր հայրենակիցները ինչ խնդիրների հետ են առերեսվում ՀՀ–ում, և ՄԱԿ փորձագետները իրականացրեցին մի ուսումնասիրություն, որը կոչվում էր Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման առնչվող հարցերի վերաբերյալ համարպարփակ վերլուծություն»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ արցախցիների համար թիվ մեկ խնդիրը բնակապահովման խնդիրն է. «Գումարը, որը հատկացվում է, միգուցե բավարար է բազմազավակ կամ մեծ ընտանիքների համար, բայց միջին վիճակագրական չորս հոգանոց ընտանիքների համար այդ գումարը բավարար չէ, նույնիսկ Երևանին մերձ համայնքներում բնակարան գնելու համար։ Երևանից հեռու համայնքներում միգուցե բավարար է, բայց այդտեղ էլ աշխատանքի խնդիրն է գալիս, որովհետև մարզերում զբաղվածության խնդիրը չափազանց բարդ է»,–ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։