Պատկերացրեք՝ գնացքը մտնում է բնակելի շենք և անցնում մարդկանց բնակարանների միջով։ Թվում է, թե սա որևէ ֆանտաստիկ ֆիլմից ստացված կադր է, բայց ոչ Չունցինի բնակիչների համար․ նրանց պետք չէ դա պատկերացնել, քանի որ դա իրենց առօրյան է։

NEWS.am-ի թղթակիցն այցելել է քաղաքի ամենաճանաչելի վայրերից մեկը՝ «Լիչժիբա» (李子坝) կայարան, որտեղ միառելս գնացքը բառի բուն իմաստով ծակում-անցնում է բնակելի շենքի միջով։

«Լիչժիբան» Չունցինի միառելս երկաթգծի 2-րդ գծի վրա է և գործում է 2005 թվականից։ Լեռնային բարդ տեղանքի ու խիտ կառուցապատման պատճառով ինժեներները ստիպված են եղել արտասովոր լուծում գտնել․ որպեսզի գիծն անցնի այդ հատվածով, 19-հարկանի շենքի 6-րդից 8-րդ հարկերը հատուկ նախագծվել են որպես կայարան։ Արդյունքում՝ գնացքը մտնում է ուղիղ շենքի մեջ, մի պահ կանգ է առնում ներսում, ապա դուրս գալիս հակառակ կողմից։

Դրսից սա սովորական բնակելի բարձրահարկ է՝ պատուհաններով ու պատշգամբներով, և միայն ճակատային մասի մեջտեղի հատուկ բացվածքն է հուշում կայարանի գոյության մասին։ Բնակիչները վաղուց են ընտելացել այս հարևանությանը․ ժամանակակից ձայնամեկուսացման շնորհիվ գնացքի աղմուկը գրեթե չի լսվում։

Եթե շենքի դիմացի դիտահրապարակում տեսնեք բերանները բաց ու հեռախոսները վեր պահած մարդկանց բազմություն, չվախենաք ու չապշեք։ Սա խուճապ չէ, այլ սոցցանցերում տարածված հայտնի թրենդ․ նկարում են այնպիսի դիրքից, իբր գնացքը «մտնում է» առաջին պլանում կանգնած մարդու բերանը։ Ճիշտ ընտրված անկյունը զվարճալի տեսողական խաբկանք է ստեղծում։

Գնացքները երկու ուղղությամբ էլ շարժվում են մոտ 10 րոպե ընդմիջումով, այնպես որ հաջող կադր որսալու համար երկար սպասել պետք չի գա։ Նավիգատորով գտնելու համար որոնեք Լիչժիբա միառելսի կայարան, Յույչժուն շրջան, Չունցին (李子坝轨道交通站, 渝中区, 重庆)։

Դիանա Առուշանյան, Չունցին