Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում ռազմական-քաղաքական հավասարակշռությունն էապես փոխվել է։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Երևանում «Հայ Դատ» համահայկական համաժողովում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է իրականացնել հայ ժողովրդի վրա կախված սպառնալիքների և նոր մարտահրավերների համակողմանի վերագնահատում։ Այդ վերագնահատման հիման վրա անհրաժեշտ կլինի կառուցել հետագա ծրագրերն ու խնդիրները։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ եթե մինչև այս ռազմական գործողությունները «Հայ Դատի» կառույցները գործում էին շահավետ դիրքերից՝ գնահատելով և ամրապնդելով արցախյան ազատագրական պայքարում հայության հաղթանակի արդյունքները, ապա այժմ ստիպված են դիմակայել պարտության ծանր հետևանքներին և հաղթահարել ի հայտ եկած նոր մարտահրավերները։
«Այս առնչությամբ այսօր հայության և մեր «Հայ Դատի» կառույցների առաջնահերթ խնդիրներն են՝ հայկական ինքնության, հայկական պետականության և ինքնիշխանության պահպանումը, հայ ժողովրդի և նրա սերունդների անքակտելի իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի թրքացման գործընթացի կանխումը»,- ասել է Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ թրքացումը մի ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ թուրք-ադրբեջանական տանդեմից Հայաստանի քաղաքական, ռազմաանվտանգային, տնտեսական և ընդհանրապես բազմամակարդակ ու բազմապլան կախվածության վիճակի հստակ բնորոշում։
«Սա այն վիճակն է, երբ Հայաստանը վերածվում է մի երկրի, որը ձևականորեն գոյություն ունի, սակայն դե ֆակտո ամբողջությամբ կախված է Թուրքիայից և Ադրբեջանից և հանդիսանում է դրանց կցորդը»,- պարզաբանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։











