Հարցվածների 59% նշել է որ Տիգրանաշեն հայկական բնակավայր է և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքները:
«21% նշել է, որ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6.4% է նշվել, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին։ 3.5%–ը այլ կարծիքներ են նշել, և 10.1 տոկոսը դժվարացել է պատասխանել»,–ասաց նա։
Հարցման մասնակիցները նաև իրենց կարծիքն են հայտնել ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու առնչությամբ. «Հարցվածների 39,7%-ը նշել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին՝ երկրի անվտանգության ապահովման համար: 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն: Այսինքն՝ հարցվածների մոտ 55%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ 28.9%-ը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից, դժվարացել է հարցին պատասխանել 6,8%-ը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրը անվանել է Քյարքի և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում ակնարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին։
Սեպտեմբերի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը կարող է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից:











