«Հայ Դատի» գործունեությունն ու Հայաստանի շահերը պարզապես չեն կարող հակասել միմյանց։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած «Հայ Դատի» համահայկական համաժողովում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ «Հայ Դատը» պայքարում է հենց Հայաստանի և հայ ժողովրդի շահերի համար։
«Հայ Դատը», ի տարբերություն որոշների, պետությունը վտանգի տակ չի դնում։ Մեր պետականությանը սպառնում է այն դիվանագիտությունը, որը բավարարում է Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները։ Մեր պետականությանը սպառնում է սեփական ժողովրդի իրավունքներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ազգային արժանապատվությունից հրաժարումը։ Մեր պետությանը սպառնում են ներհամազգային պառակտումը, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը և ինքնապահպանման բնազդի բթացումը»,- ասել է Սաղաթելյանը։
Ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը, «Հայ Դատը» չի խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այն միայն խոչընդոտում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմանների իրականացմանը։ «Իսկական խաղաղությանը հայ ժողովրդից ավելի շատ ոչ ոք չի ձգտում։ Բայց ծնկաչոք մուրացվող խաղաղությունը, որպես կանոն, հանգեցնում է միայն նոր պատերազմի և նոր կորուստների։ «Հայ Դատը» պայքարում է, որպեսզի նույնիսկ թշնամին ստիպված լինի հաշվի նստել մեր շահերի հետ»,- հայտարարել է պատգամավորը։











