«Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերը գնելուց բացի, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նաև իր վրա է վերցրել մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտավորություններ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի համակարգող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ տեղեկատվական դաշտ պարբերաբար տարատեսակ տեղեկություններ են նետվում այն մասին, թե իբր գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով կամ ինքնարժեքից զգալիորեն ցածր գնով, Տոնոյանն ասել է․ «Սա իրականության հետ որևէ կապ չունի։ Իրավիճակն այլ է։ Այո՛, «Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերը ձեռք են բերվել այդ գնով։ Սակայն միաժամանակ Գագիկ Ծառուկյանն իր վրա է վերցրել մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտքը մարելու պարտավորություն։ Միայն էլեկտրաէներգիայի պարտքը կազմել է 7 մլն դոլար։ Գործարանում կա ավելի քան 1 000 աշխատատեղ։ Կատարվել են բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև իրականացվել են միլիոնավոր դոլարների ներդրումներ»։
Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ արդեն բավական երկար ժամանակ, եթե հաշվի չառնենք տեղեկատվական և մանիպուլյատիվ ահաբեկչությունը, Հայաստանում գործող իշխանությունները որևէ այլ նկատելի գործողություններով հանդես չեն գալիս։











