Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը ունի որոշում, որ քննարկումների ու հանդիպումների շարքը շարունակական է լինելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, հերթական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի համակարգող Իվետա Տոնոյանը։
«Բնականաբար, թիվ մեկ թեման Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունն է և այն քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, որոնց այս օրերին ենթարկվում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ։ Այն ռեպրեսիաները, այն քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար, անընդունելի են, այս ամեն ինչի մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, ինչը և անում է խորհուրդը։
Նախորդող մեկ ամսվա ընթացքում խորհուրդը ահռելի աշխատանք է իրականացրել, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ տեղական, թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների հետ, նախապատրաստվել են զեկույցներ։ Այսօր Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների ոտնահարման առումով առաջատար դիրքերում»,–ասաց նա։
Անդրադառնալով «Օլիմպավանին», Իվետա Տոնոյանն ասաց. «Օլիմպավանը դեռ չի գործում, դրա հետ կա հարուցված դատական վարույթ, որով մեր փաստաբանները վիճարկում են ընդհանրապես Օլիմպավանը կապարակնքելու հետ կապված գործընթացը, ճիշտ այնպես, ինչպես «Մուլտի գրուպ» կոնցեռնի մնացած ընկերությունների մասով։ Կոնկրետ ընկերություններից մեկը՝ «Եվրոմոթորսը», վերականգնել է իր աշխատելու իրավունքը և վերսկսել է աշխատանքը, մի քանի այլ ընկերությունների մասով վարույթները շարունակվում են։ «Օլիմպավանում» աշխատակիցները չեն աշխատում, կրում են ֆինանսական կորուստ, բիզնեսը չի աշխատում, սակայն այստեղ ամենամեծ և ցավալի հանգամանքը այն է, որ կոնկրետ Օլիմպավանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կապարակնքման պատճառով մեծապես տուժել է Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակությունը։ Սա իսկական խայտառակություն է»։











