Միանգամայն բնական է, որ Իրանը մտահոգված է հյուսիսային սահմանի երկայնքով իր հակառակորդների և թշնամիների ներկայությամբ, NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում, անդրադառնալով Սյունիքում ստեղծվելիք Թրամփի ուղու (TRIPP) վերաբերյալ Թեհրանի մտահոգություններին և դրանց դրդապատճառներին, հայտարարել է իրանցի փորձագետ, Թեհրանում գործող Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալիռեզա Խոդա Ղոլիփուրը, ով տարիներ շարունակ աշխատել է Իրանի արտգործնախարարությունում։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը TRIPP-ի հետևում հեռուն գնացող և իրենց անվտանգությանը սպառնացող նպատակներ են տեսնում։

«Եթե նրանք անկեղծ են և ազնվորեն ցանկանում են կյանքի կոչել այս նախագիծը դրական նպատակներով՝ տարածաշրջանում կայունություն, բարգավաճում և զարգացում ապահովելու, տարածաշրջանի երկրների խնդիրները լուծելու համար, ապա ողջունում եք դա։ Բայց ես կասկածում եմ, որ դա է նրանց իրական մտադրությունը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիայից հետո Իրանի կողմից սպառնալիքների ընկալումը փոխվել է, մեր անվտանգային մտահոգություններն էլ ավելի են խորացել։ Ուստի, միանգամայն բնական է, որ Իրանը մտահոգված է իր սահմանների մոտ իր հակառակորդների և թշնամիների ներկայությամբ։ Իրանը չի կարող ընդունել և հանդուրժել դա։ Եթե որևէ բան տեղի ունենա, որը վտանգի տակ կդնի Իրանի անվտանգությունը, մենք անպատասխան չենք թողնի»,- ասել է իրանցի փորձագետը։

Հարցին՝ ինչո՞ւ Իրանի մտահոգություններն այդպես էլ մինչ օրս չեն փարատվում, եթե Հայաստանի կառավարությունն անընդհատ հավաստիացնում է, որ TRIPP-ի իրականացման դեպքում որևէ վտանգ չի սպառնա Իրանին, Ղոլիփուրն ընդգծեց՝ իրենց ոչ թե լոկ բանավոր հավաստիացումներ են պետք, այլ կոնկրետ երաշխիքներ։

«Մեզ երաշխիքներ են անհրաժեշտ։ Հայաստանի կառավարությունը, ինչպես դուք նշեցիք, միշտ հավաստիացրել է իրանական կողմին, որ թույլ չի տա երրորդ կողմերին օգտագործել իր տարածքն ընդդեմ Իրանի կամ տարածաշրջանի որևէ այլ երկրի։ Սա շատ բնական է, և մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Բայց դրա հիմքում պետք է երաշխիքներ լինեն»,- ասել է նա։

Ղոլիփուրն ընդգծել է՝ ինչ էլ տեղի ունենա, Իրանը չի ընդունելու տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։

«Իրանը չի ընդունի Իրանի և Հայաստանի միջև կապի արգելափակումը, փոփոխությունը կամ խզումը։ Նկատի ունեմ Հայաստանի հետ մեր ունեցած 44 կիլոմետրանոց սահմանը։ Իրանը թույլ չի տա, որ վնաս հասցվի իր տարանցիկ նշանակությանը»,- շեշտել է Ղոլիփուրը։