Տոկիոյում, այսօր` մայիսի 22-ին, բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը` Tokyo Sky tree-ն: Աշտարակի դիտակետերից Տոկիոյի համայնապատկերով արդեն 8 հազարից ավելի զբոսաշրջիկներ են հիացել:

«Տոկիոյի երկնային ծառի»  բարձրությունը 634մ է, եւ այն պատահական չէ ընտրվել:  634 թվերը ճապոներենում համարժեք են «Մուսասի» բառին. հնում այդպես են անվանել այժմյան Տոկիոյի շրջանը: Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակից արբանյակներն արդեն սկսել են թվային ազդանշաններ արձակել:

Ակնկալվում է, որ աշտարակը տարեկան 25 միլիոն զբոսաշրջիկ կբերի Տոկիո, ինչը երկրի բյուջեն կհարստացնի մոտ 170 մլրդ իենով:

Dni.ru-ն գրում է,  որ հեռուստաաշտարակի բացումը Ճապոնիայում աննախադեպ աշխուժություն է առաջացրել: Տոմս գնելու իրավունքը խաղարկվել է վիճակախաղով. մեկ տեղի համար 335 մարդ է պայքարել: Աշտարակի ներքեւում հսկայական առեւտրի կենտրոն կա, օվկիանարիում, պլանետարիում եւ շատ ռեստորաններ:

Tokyo Sky tree-ի շինարարությունը տեւել է ավելի քան երեք տարի, ծախսվել է  65 մլրդ իեն: Շինարարությանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 580 հազար մարդ: