SpaceX մասնավոր ընկերության Dragon տիեզերանավը վերջապես տիեզերք է թռել:
Falcon 9 հրթիռակիրը Dragon տիեզերանավի հետ մեկնարկել է Ֆլորիդայի տիեզերակայանից (ԱՄՆ) այսօր` երեւանյան ժամանակով 11:44-ին: Մի քանի րոպե անց այն հաջողությամբ տիեզերք է դուրս եկել: Սպասվում է, որ հրթիռը Միջազգային տիեզերակայանին կհասնի երկու օր անց:
Դա կլինի պատմության մեջ առաջին կոմերցիոն սարքի հանդիպումը ՄՏԿ-ի հետ: Տիեզերանավը տիեզերք պետք է հասցնի ավելի քան 500 կգ բեռ, մասնավորապես 300 հանգուցյալների աճյունները` «տիեզերական թաղման» արարողության համար, հայտնում է pravda.ru-ն:
Աճյունամոխիրներն ամփոփված են հատուկ տարաներում, որոնք մի քանի տարի կպտտվեն Երկրի շուրջ, իսկ այնուհետեւ կայրվեն մթնոլորտի պինդ շերտերում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, SpaceX ընկերության Dragon նավի առաջին մեկնարկն իրականացվել էր 2010 թվականի դեկտեմբերին: Երկրորդը, որի ընթացքում նախատեսվել էր իրականացնել ՄՏԿ-ին հասնելը, պաշտոնապես նշանակվել էր 2012 թվականի փետրվարի 7-ին: Սակայն հունվարին ընկերությունը հայտարարել էր, որ իրեն լրացուցիչ ժամանակ է պետք, եւ մեկնարկը տեղափոխվել էր: Ավելի ուշ հաղորդվել էր, որ տիեզերանավը ՄՏԿ կմեկնի մարտի 20-ից ոչ շուտ, այնուհետեւ մեկնարկը տեղափոխվել էր ապրիլի վերջ, հետո տեղափոխվել մայիսի 7-ին, իսկ հետո` մայիսի 19-ին:
Մայիսի 19-ին մեկնարկը դադարեցվել էր վերջին պահին արբանյակի ներքին շարժիչներից մեկում բարձր ճնշման պատճառով:











