Այսօր Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. այդ մարդիկ այնտեղ են հայտնվել միայն ու միայն Արցախցիներին ներկայացնելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Երբ տեսնում ենք Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ այդ մարդիկ անազատության մեջ են, սա ճիշտ բնութագիր չէ, եթե շատ մեղմ ասեմ։ Վերջին օրերին մենք ԱԺ–ում հանդիպման էինք մասնակցում, կառավարության լիազոր ներկայացուցիչները լքեցին դահլիճը և որևիցե հարցի չպատասխանեցին։ Սրանք այն բոլոր ցուցիչներն են, որոնք ցույց են տալիս օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը։

Գիտեք, որ առաջիկայում նաև վերցնելու են Արցախի ներկայացուցչության շենքը, ինչը վերջին շրջանում ծառայում է որպես արցախցիների համար ապաստարան։ Այն մարդիկ, ովքեր կարող էին Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ բերել, այսօր բանտերում են։

Հանրապետության երկրորդ նախագահը կալանավորված է, երրորդ նախագահը անցնում է ինչ-որ անհեթեթ քրեական գործերով։ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Սամվել Կարապետյանը տնային կալաքում է, և այս բոլոր բաղադրիչները վերլուծելով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի օրվա իշխանությունները Հայաստանը տանում են այլ ուղղությամբ։

Ես վստահ եմ, որ այս քննարկումից հետո կստեղծվի նաև հարթակ, որտեղ մենք կունենանք ռազմավարություն, թե ինչպես ենք շարժվելու, իսկ խնդիրը մեկն է՝ օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից»,– հայտարարեց նա։

Իսկանդարյանը նկատեց, որ Ասկերանի մոտ բենզինի պահեստի հետևանքով զոհված արցախցիները այսօր որևէ կարգավիճակ չունեն. «Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բենզինի պահեստի դեպքը տեղի է ունեցել ռազմական գործողության հետևանքով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները դիտավորյալ կարող քաղաքական կամք չեն դրսևորում և այդ մարդկանց կարգավիճակի հարցը չեն լուծում։ Վերջում ասել, որ Արցախցիները անցել են բոլոր արհավիրքներով, այս մեկը ևս կհաղթահարեն»,–ասաց նա։