Փաստ է, որ այս իշխանությունները և հակաարցախյան հարցում, և ընդհանրապես հակահայկականության հարցում անշրջելի են, իրենք նաևգերկոնսոլիդացված են իրենց որոշումների մեջ, մոնոլիտ տեսակ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, արցախահայերի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մյուս կողմ նույն պատկերը մենք չունենք արցախցիների դեպքում։ Այս դժվար, ծանր իրավիճակում նման կոնսոլիդացիա ակնկալել արցախցիներից հնարավոր մեծ մասշտաբներով, իրատեսական չի։ Միասնականությունը բնության մեջ չի լինում 100%-ով, բայց առնվազն այս խնդիրներում գոնե պիտի լինի շատ որոշակի հավաքականություն, անհատների համախմբում, իրապես վճռական մարդկանց գործոն, որը կստիպի նաև մյուսներին սթափվել։
Մենք ունենք Արցախի պետականության կայացման շնորհիվ տասնյակ ու տասնյակ Արցախով կայացած նախկին պաշտոնյաներ, որոնց մեծ մասն այսօր Հայաստանում են և որոնց ձեն–ծպտունը չկա և բնականորեն, սա էլ խնդիր է։ Մենք պիտի իմանանք ով ով է, ով կա այս կռվի մեջ ով չկա։ Եթե սա մենք չենք անում, ամեն մեկը կողքի քաշվելն արդարացնելու այդ ձևերը շատ ավելի հեշտ է գտնում»,–ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված նոր ճնշումներին, Աղվան Վարդանյանն ասաց. «Ադրբեջանը սկսել է դա անել վերջին մի երկու-երեք շաբաթում, որովհետև տեսնում է, որ Հայաստանում կա դիմադրություն, կան օջախներ, որոնց Ադրբեջանը համարում է ռևանշիստներ։ Ինչքան այս դիմադրությունը մենք կարողանանք կազմակերպել, ուժեղացնել, այնքան Ադրբեջանի հետ հարաբերություններում կունենանք խոսելու տեղ։ Իսկ դրա համար արցախցիների դերակատար անձանց այն հատվածը, որը պայքարի մեջ է, պիտի լինի գերակտիվ։ Դա բերելու է հակազդեցություն այս իշխանությունների կողմից, այդ հակազդեցությունը բերելու է նոր պայքարի դաշտ և կոնսոլիդացիայի ավելի մեծ հնարավորություն։ Եթե էդ գերակտիվությունը չեղավ, այսպես հատվածական հավաքվել, քննարկումներ անել, ռեալ որևէ բան չի տալու։
Իհարկե, արցախցիների հարցը առանձին հարց չի Հայաստանցիների հարցից և շատ կարևոր է նաև քաղաքական ուժերի հանրային սեկտորի, հասարակական կազմակերպությունների, հանրային դեմքերի հետ կոնսուլտացիաները, և այստեղ էլ կարևոր է նաև ի վերջո հասկանալ, թե ով ով է, նրանցից ովքեր են իրապես կանգնած արցախցիների, Արցախի վերադարձի իրավունքի կողքին և պատրաստ են դրա համար ինչ-որ բան անել, ովքեր են, որ միայն օգտագործում են այս պրոբլեմը իրենց քաղաքական հավակնությունների համար։
Այսօր առաջնային, գլխավոր հարցը Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է։ Եթե մենք այդ հարցը չենք լուծում, չենք ունենում քաղաքական ներկայություն, պետական ինստիտուտները ինչ-որ ֆորմատով չենք պահպանում, մյուս հարցերի հետապնդումը դառնում է զրույց»,– ընդգծեց Աղվան Վարդանյանը։











