Հունիսին կայացած ԱԺ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ հետապնդման էին ենթարկվում անձինք, որոնք փորձում էին որևէ կերպ մասնակցած լինել ընդդիմության հանրահավաքներին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
«Մենք տեսանք՝ ինչպես էր ողջ պետական ապարատը ներդրվել, որպեսզի սպասարկվի բացառապես ՔՊ–ի շահը և ապահովվի վերջինների հնարավոր սահմանադրական մեծամասնության առկայությունը Ազգային ժողովում, որը իրենց մոտ չստացվեց։ Մենք շատ լավ բոլորս հիշում ենք և տեսանք, թե ինչպես ցանկացած արձագանք, որը վերաբերում էր ընդդիմության կողմից որևէ հակաիրավական վարքագծի, անմիջապես արժանանում էր մեդիադաշտում լայն տարածման, հանրային հեռուստաընկերության կողմից լայն լուսաբանումների, վարչական ապարատի տարբեր մաս կազմող մարմինների կողմից ամենալայն արձագանքների, այնինչ այն ամենը ինչ ասվում էր իշխանության մասով ենթադրյալ խախտումներին, շատ առավել նվազ հանրային արձագանքի էր արժանանում։
Շատ ողջունելի է որ 2018 թվականից առայսօր առաջին անգամ եվրոպական մեծ լրջություն, կարևորություն ներկայացնող կառույցը՝ ԵԽԽՎ–ն, ի վերջո արձանագրեց, որ Հայաստանում նախընտրական և ընտրական պրոցեսը իրականացվել է մեծ խախտումներով։ Սա շատ դրական առաջընթաց է, որովհետև նույնիսկ Եվրոպան, որը միշտ 2018 թվականից առ այսօր, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել ընտրությունների ընթացքը, արձանագրեց ամբողջությամբ հակառակ պատկեր։
Արձանագրեց, որ տեղի են ունեցել ճնշումներ, այնպիսի գործողություններ, որոնք թեև ըստ մեզ ևս կարևոր են ու դրական են, օրինակ, թոշակների բարձրացում, ապահովագրության ներդրում, բայց հաշվի առնելով դրա կատարվելը նախընտրական փուլում, դրանք, ինչպես Սահմանադրական դատարանը ճիշտ նշեց, սոցիալական կաշառք են հանդիսանում։ Դրանով ամեն կերպ փորձել են հասարակության մոտ ստեղծել ամեն նախանշանները, որը կարող է ապահովել իրենց հաղթանակը»,– հայտարարեց նա։
Հաջորդ կարևոր բանը, ըստ պատգամավորի, վերաբերում է ընդդիմադիր երրորդ ուժի մասով շատ բարձրաձայնված ձայնագողությանը. «Ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից խմբակցության կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումներն ի վերջո արժանացան նման կարևոր կառույցի գնահատանքին»,– ընդգծեց նա։











