2021 թվականի օգոստոսի 19-ի ուշ գիշեր Կոռնիձորի դիրքերից մեկում 3 ժամկետային զինծառայող էր սպանվել։ 5 տարի է՝ գործը դատարանում է։ Այսօր էլ հերթական դատական նիստն էր։ Սպանված զինծառայողների ծնողները դժգոհ են դատավարությունից։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ դատական նիստերը ձգձգվում են։ Սպանությունը կատարողի և դրդողի խափանման միջոցներն ի սկզբանե եղել է կալանքը, սակայն վերջերս փոխվել է տնային կալանքի։ Դատարանի նման որոշումը մահացածների հարազատների մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։

«Սա արդարությո՞ւն է, դրդես զինվորին սպանել տաս, ու հայտնվես ազատության մեջ։ Նույն բանը չոքի իրենց դուռը։ Քնած տեղը 3 անմեղ զինվորի սպանել են։ Դիրքի ավագը՝ Սամվել Գրիգորյանը, գումար է դնում մեկ այլ զինվորի փոխարեն, դե զինվորները սնունդի հարցը լուծելու համար գումար էին հավաքում, սակայն ծառայակիցը չի կարողանում այդ գումարը վերադարձնել, նա էլ բռնաբարում է, այդ ամենը տեսած 3 ծառայակցին էլ դրդում է սպանել։ Մեր 3 երեխաները քնած են լինում, երբ սպանում են։ Նրանք դա անում են, որ լուրը չտարածվի։

5 տարի մեզ տանում ու բերում են, ոչ մի տեղաշարժ չկա, մեզ բերում են դատարան ու նստեղնում դրանց հետ. Ծնող ես, ի՞նչ կզգաս»,- ասել են մահացած զինծառայողների ծնողները։

Հիշեցնենք, օգոստոսի 19-ին 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։