«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի անգործության մասին՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ նա 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանից հայերի բռնի տեղահանումն անվանել է էթնիկ զտում և հարց բարձրացրել, թե արդյոք հենց դատարանի անգործությունը չի՞ սպառնում նրա հեղինակությանը և միջազգային արդարադատության սկզբունքներին։
Վարդևանյանը հիշեցրել է, որ Հռոմի ստատուտը ստեղծվել է միջազգային հանրության այն պարտավորությամբ, որ մարդկությանը վերաբերող ամենածանր հանցագործություններն անպատիժ չեն մնա։
Նա ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը միջազգային հանրությունը պասիվ դիտորդի կարգավիճակում էր Արցախում տեղի ունեցողի նկատմամբ։
Վարդևանյանը հիշեցրել է, որ ՄՔԴ-ի իրավազորության տակ ընկնող Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ դատարանի կողմից անհրաժեշտ գործողություններ չեն իրականացվել։
«Միջազգային հանրությունը պարտավորվել է, որ ողջ մարդկության մտահոգությունը հարուցող ամենածանր հանցագործություններն անպատիժ չեն մնա։ Բայց այսօր մենք պետք է խոսենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանին սպառնացող հնարավոր վտանգների, այլև հենց դատարանի ներսից եկող վտանգի՝ անգործության մասին»,- ասել է նա։
Վարդևանյանը անդրադարձել է նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններին, երբ Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան հարկադիր տեղահանվել է ավելի քան 120 հազար հայ։
«2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր բռնի կերպով վտարվել են իրենց տներից։ Դա էթնիկ զտում է՝ պարզ ու հստակ։ Բայց մենք կրկին ականատես եղանք Միջազգային քրեական դատարանի անգործությանը։ Եվ կարծում ենք, որ նման ընտրողական անգործությունն անընդունելի է՝ ո՛չ ՄՔԴ-ի, ո՛չ էլ միջազգային հանրության համար»,- ասել է Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղության և երկրների միջև խաղաղ հարաբերությունների օգտին, սակայն կայուն խաղաղությունն անհնար է առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվության։
«Մենք հավատում ենք իրական խաղաղությանը։ Մենք հավատում ենք խաղաղության մեր երկրների միջև։ Բայց ես լիովին տեղեկացված եմ և լիովին վստահ, որ միջազգային հանրությունը հասկանում է՝ իրական խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության»,- ասել է պատգամավորը։
Ելույթն ավարտելով՝ Վարդևանյանը միջազգային ինստիտուտներին կոչ է արել առաջնորդվել միասնական սկզբունքներով և ընդգծել է իրավունքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը։
«Իրավունքի գերակայությունը պետք է հաղթանակի»,- հայտարարել է նա։











