«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կոչ է արել Ադրբեջանին չհանձնել Սյունիքում ձերբակալված զինծառայողին որպես «բարի կամքի դրսևորում»՝ հիշեցնելով Բաքվում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասին։
«Երբ զինված ադրբեջանցին գալիս է քո երկրի տարածք և վնաս է հասցնում քո հայրենակցին, դու չես կարող պարզապես այդ ադրբեջանցուն հանձնել որպես բարի կամքի դրսևորում՝ մոռանալով, որ Բաքվում ունես Հայաստանի քաղաքացիներ,- հայտարարել է Գրիգորյանը։- Հատկապես նրանք, ովքեր ամեն օր նամակներ են գրում, խոսում են իրենց վիճակի մասին և ենթարկվում խոշտանգումների»։
Նա նշել է, որ հարցեր է առաջացնում նաև այն, թե ինչպես էր կազմակերպվել որոնողական գործողությունն ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելուց հետո։ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը հայկական կողմին հայտնել էր զինծառայողի անհետացման մասին, որից հետո երկու երկրների իրավասու մարմինները սկսել էին որոնումները։ Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղում հրաձգության մասին հաղորդումից հետո, պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել էր։
Գրիգորյանը հայտարարել է, որ տեղական բնակչությունը պետք է ժամանակին տեղեկացված լիներ զինված անձի հնարավոր ներթափանցման մասին։ Նա ընդգծել է, որ հատկապես անթույլատրելի է, որ կինը զինված ադրբեջանցուն հայտնաբերել է սեփական տանը՝ երեք երեխաների ներկայությամբ։
«Մի փորձեք մոլորեցնել՝ ասելով, թե դա բարի կամքի դրսևորում է, որ դուք գնահատում եք խաղաղությունը, և խաղաղությունն այսպես պետք է պահպանել»- ասել է պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է այն դեպքերի մասին, երբ հայ զինծառայողները հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ, և հայտարարել, որ Բաքուն նման իրավիճակներում նրանց Հայաստանին չէր վերադարձնում «որպես բարի կամքի դրսևորում», այլ առաջ էր քաշում իր պահանջները։











