NEWS.am–ն այցելել է Շաքի գյուղի այն տունը, որտեղ նախօրեին ցերեկը տեղի է ունեցել միջադեպը սահմանը հատած ադրբեջանցու մասնակցությամբ։
Բնակիչները պատմում են, որ ընտանիքը՝ մայրը և իր երեք երեխաները վերջին տարիներին էին տեղափոխվել այստեղ և վարձով էին բնակվում այս տանը։ Երեկ երեխաներից երկուսը դպրոցից հետո, դասերը ավարտելուց հետո եկել են տուն և դուռը բացելու պես տեսել են բազմոցին պառկած ադրբեջանցուն, բղավելով դուրս են եկել։ Դրանից հետո մայրն է, ըստ բնակիչների, ներս մտել և հենց այդ ժամանակ էլ ադրբեջանցին կրակել է կնոջ ոտքին, ինչից հետո կինը դանակի հարված է հասցրել նրան։
Բնակիչները նաև նշում են, որ հարևան մի քանի հողամասերով անցնելուց հետո ադրբեջանցին թաքնվել է անասնագոմերից մեկում, որտեղ էլ արյան հետքերով գտել է նրան և ձերբակալել։ 38-ամյա կնոջը տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Բնակիչներից մեկը պատմում է. «Կրակոցի ձայն լսվել է, այդ ադրբեջանցին գիշերով եկել է այս տունը, որտեղ մարդ չի մնում, վարձակալած տուն է։ Երեխեքը Սիսիանում են մնում, առավոտը Սիսիանից գալիս են դասի, կեսօրին քույր ու եղբայր գալիս են, որ իրար հանդիպեն, ժամը 4-ին երթուղայինը գնում է Սիսիան։ Պատահականությունով եկել են, մտել են, տեսել են այդ ադրբեջանցին պառկած է տունը, ավտոմատով, կամպոտ է խմում, մեկ էլ փլավ է ուտում։ Մայրը հարևանի հայաթով մտել է այդտեղ, մտնելուց ադրբեջանցին խփում է ավտոմատով ոտքին, դե այդ կինն էլ ճարպիկ կին է, դանակով խփում է դրա կրծքավանդակին, ու այդպես գործը սկսվում է։ Ինքն արմնաքամ լինելով, մի երկու բոստան անցնելուց հետո հարևանի մի հատ խախուտ գոմ է լինում, այդտեղ է լինում, ոստիկանները գալիս, բռնում են։
Ինքը գիշերով այստեղ է լինում, բայց այդ տունը մարդ չի մնում, հիմա էլի այդպես մարդ չի մնում։ Երեխաներն են այստեղ դպրոց գալիս, կեսօրին գալիս են, իրիկունը՝ գնում։ Մի աղջիկ, երկու տղա ունի, բայց մի տղան քոլեջում է սովորում, այստեղ չի գալիս։
Եթե այդտեղ լույս վառվեր, ինքը չէր կարող մտնել։
Ես ֆեյսբուքով տեսա, որ ինքը սահմանը Լաչինի կողմից է հատել սահմանը, մեր կողմից չի հատել։ 19 տարեկան զինվոր է, երևի նեղել են։ Բայց ինքը 4 օր փախած է եղել զորամասից»։
Հարցին՝ ինքը որպես բնակիչ տեղեկացված եղե՞լ է, որ սահմանը հատող է եղել, նա պատասխանեց. « Այո, դե ես մի քիչ ակտիվ մարդ եմ, մեխանիզատոր եմ, ես հիմա տամոժնու մոտից եմ գալիս, շարժ ունեմ, տեղեկացրել են, որ կա փախած։ Որպեսզի պանիկա չտարածվեր, երեխեքը չվախենան, պետք չէր այդքանը տարածեինք էլի։ Ում որ պետք է, իրանք իմանում էին։ Դե ոչ մեկը չգիտեր, ես այստեղ ապրում եմ, ես չեմ իմացել, էն մարդը, որ չի ապրում, ո՞նց կիմանա»,–ասաց նա՝ հավելելով, որ ոչ ոք ադրբեջանցուն չի տեսել, ոստիկանները տարել են։
Մեկ այլ գյուղացի էլ պատմեց. «Էդ ադրբեջանցին սիրուն գիշերն եկել է, մտել է, ինքնագլուխ։ Տեսել է, որ դարխպասը փակ է, տունը մարդ չկա, մտել է, գիշերել է այդ տունը։ Հետո արդեն ինչ է եղել, մենք չենք էլ իմացել, քնած ենք եղել։ Անմիջապես մեր կպած տունն է, բայց չենք իմացել, չենք զգացել իր գալը։ Հետո արդեն այդ պատմությունը եղավ։ Այդ կինը տեսել է, որ դուռը փակ է, մեր բոստանով տեղ կա, այդպես է տուն մտել»։
Հարցին՝ իրենց զգուշացրե՞լ են, որ մարդ է մտել գյուղ, դռները փակ պետք է պահել, գյուղացին ասաց. «Ոչ, ուղղակի լսել էինք, որ ինչ-որ ադրբեջանցի է պոստից փախել։ Մենք չենք սպասել, որ գիշերվա կեսին կարող է ինչ-որ մեկը գա մտնի այդ մարդու տուն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում երեկ՝ հոկտեմբերի 1–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. Սիսիանի բնակիչներն ահազանգում են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնայիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ ԱՄբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– NEWS.am-ին պատմեց Շաքիի բնակիչը։
ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին











