«Չունցինը կպատժի նրանց, ովքեր չեն սիրում սպորտը»․ հենց այսպիսի կատակ-գրություն է դիմավորում հյուրերին քաղաքի ամենահետաքրքիր անկյուններից մեկի մուտքի մոտ։ Այստեղ՝ կտրուկ վերելքներով շրջապատված տեղանքում գտնվելով, իսկապես հեշտ է մտածել, թե հայտնվել ես խոչընդոտների գծում։ NEWS.am-ի թղթակիցը եղել է Սյահաոլի (Xiahaoli) թաղամասում, գնահատել տեղի կոլորիտը և, իհարկե, չի հեռացել առանց գնումների՝ ձեռք բերելով տեղի վարպետների ինքնատիպ հուշանվերները։

Իրականում սա, իհարկե, ոչ թե մարզադաշտ է, այլ Նանյանի շրջանում գտնվող հին պատմական թաղամաս։ Լայնածավալ քաղաքային վերակառուցման շրջանակում այն խնամքով վերականգնվել է՝ վերածվելով ժամանակակից բացօթյա մշակութաառևտրային համալիրի։

Շրջանի ճարտարապետությունն ամբողջությամբ պահպանել է իր պատմական ռելիեֆը։ Բազմաթիվ զառիթափ աստիճաններով տեղանքների միջև տեղաշարժվելիս այցելուները, իրենք էլ չնկատելով, իրականացնում են լիարժեք հետիոտն մարզում։

23 հազար քառակուսի մետր տարածքում Չունցինի պատմական ժառանգությունը ստացել է երկրորդ շունչ։ Սյահաոլիի հայեցակարգի հիմքում աջակցությունն է երիտասարդ ձեռնարկատերերին․ նրանք կազմում են տեղի բիզնեսի սեփականատերերի ավելի քան 85 տոկոսը։ 147 թեմատիկ հաստատություններից յուրաքանչյուրն առանձնանում է բարձր կրեատիվությամբ և յուրահատուկ դիզայնով․ այստեղ ներկայացված են տեղական բրենդներ, հեղինակային արհեստանոցներ և կոնցեպտուալ շոուռումներ։

Դիանա Առուշանյան, Չունցին