Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից երեք չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որ դատարանում է գտնվում, հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս։ Եթե իմ դեպքում կան տեսանյութեր, որտեղ այդ անհեթեթությունը վիզուալ երևացող է, մյուս դեպքում չկան նման տեսանյութերը, բայց հավատացեք, որ նույն տրամաբանության մեջ է այն գործը, որը կա երկուսի հետ կապված։ Եղբայրս ամու է, պինդ է, նստած է, խցում մենակ չի։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է տղային էլ բանտարկի ու սրանով ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք ինչի համար ենք պայքարում և այս ամեն ինչը իրենց արդյունքը չեն տալու, սա միանշանակ է»,–ասաց նա։
Լևոն Քոչարյանը տեղեկացրեց, որ ինքը, մայրը և քույրը չեն կարողանում տեսակցել Սեդրակ Քոչարյանին. «Ի՞նչն է նպատակը, ասենք, որ մայրս գնա սեչակին տեսնի, այս գործը փլվելո՞ւ է։ Իհարկե մեր գերնպատակը այդ այցելությունները բացելը չի, բնականաբար, բայց նաև այ ամեն ինչին զուգորդվող այս ճղճին բաներն եմ նաև ուզում ցույց տալ»,– հավելեց նա։
Իր հերթի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասաց. «Ակնհայտ է, որ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ ճնշում գործադրել նախագահ Քոչարյանի վրա։ Գիտեք, որ նախագահ Քոչարյանը արդեն չորրորդ անգամ է կալանավորված և բոլորի համար հասկանալի է, որ վերջինս երբևէ չի գնալու պայմանավորվածության։ Հիմա փորձում են այլ ճնշման մեխանիզմներ օգտագործել։ Պարզ է, որ իրենց արդյունքին չեն հասնի, բայց տրամաբանությունը դա է։ Մի ժամանակահատվածում Լևոն Քոչարյանին կալանավորել, էլի փորձելով ճնշում գործադրել նախագահի վրա։ Հիմա արդեն Սեդրակ Քոչարյանին են կալանավորում»։











