Այն հանգամանքը, որ զինված ադրբեջանցի սահմանը հատում է և ի վերջո, հայտնաբերվում է միայն կնոջը կրակելուց հետո, սա պետք է արձանագրել որպես հանցավոր անգործություն պետական գերատեսչությունների։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Սա իրավապահ ուժային կառույցների ուղիղ պատասխանատվությունն է, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այս իրավիճակի համար։ Մենք բոլորս հարկեր ենք վճարում պետությանը, և պետության առաջնային ֆունկցիան իմ անվտանգությունն ապահովելն է։ Հիմա իրենք բոլորը՝ Անդրանիկ Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, իրենց շքախմբերով պտտվում, անվտանգ ապրում են, իսկ Շաքիի բնակիչը, կինը իր երեք երեխաներին ստիպված է անձնապես պաշտպանել։ ՀՀ քաղաքացու անվտանգությունը մնացել է սեփական ուսերին։
Ես ուզում եմ հիշեցնել, որ սա առաջին դեպքը չի, 2023 թվականին և երկու ադրբեջանցի ևս ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք, էլի սովորական քաղաքացիներ բռնեցին այդ ադրբեջանցուն, ով սպանել էր իմ համաքաղաքացիներից մեկին։
Բա դուք ինչի համար եք, Սուրեն Պապիկյան, դու ռիլ նկարելու համա՞ր ես, թե՞ փաստացի անվտանգություն ապահովելու։ Կամ Անդրանիկ Սիմոնյան, դու ինչո՞վ ես զբաղված, բա էդ, որ անցել է սահմանը, ո՞նց է անցել, համապատասխան կահավորում ունեցե՞լ է առաջնագիծը, թե՞ չի ունեցել։ Վստահաբար չի ունեցել։ Բա առավոտից իրիկուն, որ խոսում եք, թե միլիոնավոր ներդրումներ են կատարվում սահմանին և այլն, բա դա ո՞նց է դրսևորվում։ Հենց հերթը հասնում է իրենց հայտարարությունները փաստացի թեստավորմանը, տապալվում են այդ թեստում։ Սա ուղղակի խայտառակություն է։
Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն է տեղեկացրել, որ զինվորը անցել այս կողմ, դրանից հետո երկու օր շարունակ փնտրել են և չեն գտել։ Նշանակում է ամբողջ ներուժը չեն դրել, որ կարողանան գտնել այդ ադրբեջանցուն։ Իսկ ինչու չեն դրել, որովհետև չեն ուզել մեծ աղմուկ ստեղծել, մտածել են՝ առանց մեծ աղմուկի ինչ-որ ձև կգտնեն, կհանձնեն, իրենց անվտանգության ու խաղաղության մասին միֆերը չեն պայթի, ոչ մեկ չի իմանա դրա մասին։ Դրա համար ոչ մի բառ չեն խոսել տեղի բնակիչների հետ, սա ռազմավարական կոմունիկացիայի տոտալ տապալում է։ Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդ որում քաղաքական պատասխանատվության։
Ինչ վերաբերում է արդեն ձերբակալված հանցագործ ադրբեջանցուն, ես շատ մեծ հավատ չունեմ, որ նրան էլ հերթական անգամ որպես բարի կամքի դրսևորում չեն հանձնի, հետևաբար, ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական լուրջ պահանջ պետք է ձևավորվի, որ եթե մտքներովդ անցնի այս ադրբեջանցուն հանձնել, ապա բացառապես մեր գերիների վերադարձնելու ճանապարհով, ուրիշ տարբերակ մտքներով թող չանցնի։ Հերիք է միակողմանի գուրգուրեք խաղաղությունը, մեր ողբերգությունների տոնին ֆեստիվառներ և համերգներով ուրախացնեք»։











