Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափանցելու և Շաքի գյուղի բնակչուհուն վիրավորելու միջադեպը։

Լրագրողների հետ զրույցում նախ նշելով, թե ավելի ճիշտ կլիներ դիմել պաշտպանության հանձնաժողովին, Քոչարյանն, այնուամենայնիվ, հին սովորության համաձայն սկսեց մեկնաբանել իրավիճակը։ Պատգամավորն արձանագրեց, որ «սահմանային ուղեկալների հետ կապված խնդիրներ կան, և հարցը պետք է լուծվի»։

Այն դիտարկմանը, թե հակառակորդի զինվորը խորացել է Հայաստանի տարածք, Քոչարյանը հայտարարեց, որ ժամանակին «մենք էլ հասնում էինք գիտեք թե ուր»։ «Եթե հատուկ ծառայությունները նպատակ դնեն, կհասնեն ուր ասես։ Բայց, իհարկե, ոչ համազգեստով և ոչ այսպես, ոչ ինքնաձիգով։ Մենք բախվել ենք մի իրավիճակի, որը հետագայում պետք է բացառվի։ Նա երկու օր ոչ միայն պարզապես մեր տարածքում է եղել, այլ մեր քաղաքացու բնակարանում»,- նկատեց պատգամավորը։ Այն ճշտմանը, թե հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորը մենակ չի եղել, Անդրանիկ Քոչարյանը չբացառեց նման տարբերակը՝ հավելելով, որ հատուկ ծառայությունները պետք է ոչ միայն քննություն իրականացնեն, այլև զննեն տարածքը։

Թե որ կառույցն է մեղավոր կատարվածի համար, Քոչարյանն առայժմ պատրաստ չէ պատասխանել, բայց խոստացավ դա անել առաջիկայում։ Նրա խոսքով՝ բոլոր կառույցները պետք է զբաղվեն սահմանի պահպանությամբ, այդ թվում՝ վատ վերահսկվող հատվածներում։ Այս առնչությամբ նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին էլ, չնայած փշալարերին, մարդկանց հաջողվում էր հատել սահմանը. այն ժամանակ սահմանամերձ բոլոր գյուղերը փակվում էին, և ստուգումներ էին անցկացվում՝ սահմանախախտին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով։

«Բայց սահմանների ամրության մասին կարելի է խոսել բազմամյա աշխատանքի արդյունքներով։ Կոնկրետ մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ մշտադիտարկման կարիք կա, ինչը թույլ կտար ավելի լավ վերահսկել իրավիճակը»,- կարծում է պատգամավորը։

Այն հարցին, որ Անգեղակոթի գյուղապետը խորհուրդ է տալիս փակել դռներն ու շներ պահել, Քոչարյանը հիշեցրեց, որ սագերն են փրկել Հռոմը. «Շներն էլ կարող են օգնել, նրանք վտանգ են զգում։ Հարցն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում խնդիրները՝ էշելոնավորվա՞ծ, համակարգվա՞ծ։ Եթե քայլ առ քայլ ամեն ինչ արվի, միանգամայն հնարավոր է, որ նման ներթափանցումները չկրկնվեն»։

Արդյո՞ք նպատակներն ագրեսիվ են եղել. Քոչարյանը վստահ չէ՝ հիշեցնելով, որ եթե կինը կարողացել է զինաթափել նրան, նշանակում է՝ գործ ունենք ոչ այնքան պատրաստված կերպարի հետ։

Ի՞նչ է Քոչարյանին հուշում փորձը՝ մոլորված դասալի՞ք, թե՞ դիվերսանտ։ Պատգամավորը համոզված է, որ ցանկացած վարկած պետք է ստուգվի, քանի որ կարող էին նման քայլով մոլորության մեջ գցել, իսկ հետո ուղարկել արդեն պատրաստված զինվորականի. «Պատասխանները պետք է տան քննիչները»։ Քոչարյանը հիշեցրեց, որ համապատասխան կառույցները պետք է տեղեկություններ ունենային հակառակորդի տարածքից տեղաշարժի մասին։

Ոչ տեղին, բայց Քոչարյանը խոսեց նաև այդ հատվածում սահմանների ամրացման և ինժեներական կառույցների ուղղությամբ կատարված ահռելի աշխատանքի, ինչպես նաև սահմանապահ զորքերի ստեղծման մասին։

Պատգամավորին հիշեցրին, որ սա առաջին դեպքը չէ. 2023 թվականին երկու ադրբեջանցի զինվոր հատել էին սահմանը և գնդակահարել ԶՊՄԿ-ի (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի) աշխատակցին։ Քոչարյանը համաձայնեց, որ դա մտահոգիչ է, բայց կրկնեց, որ մեծ աշխատանք է արվել, և պետք է հասկանալ, թե այս ամենով հանդերձ ինչպես է նման բան տեղի ունենում։

Ինչ վերաբերում է զինվորին Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, ապա Քոչարյանը հիշեցրեց, որ կա քրեական գործ, և պետք է գործել Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Նրա խոսքով՝ եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց (նկատի ունի՝ գերիների հետ փոխանակումը)։ «Երբ ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էի, ադրբեջանցի գերիները փոխանակվեցին Մեղրիի բնակիչների դիերի հետ»,- պարզաբանեց Քոչարյանը։