Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, «Նուբարյան լաբ» կրթական նախաձեռնությունն ու «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան ստորագրել են համագործակցության հուշագիր, որը հիմք է դնում կրթության ոլորտում երկարաժամկետ համագործակցության, որը միտված է ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։ Նպատակին հասնելու համար երկու կազմակերպությունները միավորելու են իրենց փորձը, մասնագիտական կարողություններն ու ռեսուրսները կրթական նորարարության և հանրային երկխոսության ոլորտներում։

Հոկտեմբերի 14-ին կկանցկացվի «Կրթության ապագան» ֆորումը, որը կդառնա կրթության ներկա մարտահրավերները, միջազգային փորձն ու ապագայի կրթական մոդելները քննարկելու մասնագիտական հարթակ։ Միջոցառման գլխավոր խոսնակը Լեհաստանի Կրթական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տոմաշ Գայդերովիչն է, իսկ տեղական առաջատար փորձով կկիսվի նորարարական կրթության մասնագետ Արտաշես Խուրշուդյանը։

Ֆորումի առանցքային բաղադրիչներից կլինի նաև «Կրթության ապագան և ապագայի մարդը․ ի՞նչ դեր ունի դպրոցը» խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ բանախոսները կանդրադառնան ապագայի մարդուն ձևավորելու գործում դպրոցի դերին։ Մասնավորապես, կքննարկվեն համամարդկային արժեքների և ազգային ինքնության համադրումը, գիտելիքի ու մտածողության զարգացումը, տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը և մարդու բնական ներուժի բացահայտման գործում նեյրոգիտության ընձեռած նոր հնարավորությունները։