Տեղից գոռալը վիրավորանք է, լարվածություն է ավելացնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը, որը հետո վերածվում է քաշքշուկի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նախահարձակ եղավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի նկատմամբ, ինչն էլ առիթ դարձավ, որ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվի։
Դիտարկմանը, որ ամեն անգամ հենց ինքն է հայտնվում միջադեպերի կենտրոնում, այս անգամ էլ ինքը հարձակվեց ընդդիմադիր պատգամավորի վրա, Ղալումյանն ասաց. «Ես ոչ մեկի վրա ոչ հարձակվել եմ, ոչ ծեծել եմ։ Եթե Վարդանովին հարցնեք, ինքը ասի, որ ես իր վրա հարձակվել եմ, նոր կարելի է խոսել այս մասին։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ իմ գործողությունները դիտված են եղել և միշտ են միտված լարվածությունը թուլացնելուն։ Ես խոսում եմ այն պատգամավորների հետ, որոնք լարվածություն են ավելացնում։
Ճշտող հարցին՝ ի՞նչ արտահայտություն է լսել, որից հետո կտրուկ վեր կացավ և մոտեցավ Վարդանովին, Ղալումյանը պատասխանեց. «Վիրավորական արտահայտություն էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների տեղից գոռալը, բառերով չեմ հիշի էս պահին, ձեռքը պարզած խոսալը, բարձր տոնը միշտ լարվածություն է ավելացնում։ Դա անձամբ ինձ վիրավորեց այնքանով, որ ես փորձեցի սաստեմ այդ պատգամավորին։
Ես ընդդիմադիրներինմոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով։
Միջադեպը սկսվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հերթական վարքագծից։ Այսքանով սահմանափակվենք»։
Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկերն է և քավորի եղբայրը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ և մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին, ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց, ծեծկռտուք սկսվեց։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։
Հրմշտոցի վայր իջան նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։











