Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը «քաղաքականության էջն իր համար փակել է», սակայն դեռ չի լքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ Այս մասին նա հայտնել է դատական նիստից հետո։

Մեկնաբանելով դատական գործընթացը, որով ինքն անցնում է որպես մեղադրյալ, Գասպարյանը դժգոհել է, որ նիստերը հազվադեպ են անցկացվում։ «Այժմ ընթանում է վկաների հարցաքննությունը, հարցաքննվել է չորրորդ վկան»,- նշել է նա։ Այն հարցին, թե վկան նախկինում հայտարարել էր իր ամուսնուց հողատարածք գնելու մասին, իսկ դատարանում փոխել է ցուցմունքը, նախկին քաղաքապետը հավաստիացրել է, որ չի ճանաչում նրան և առաջին անգամ է տեսնում։ Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է մասնավոր անձից ձեռք բերված և հետագայում վեճի առարկային միացված տարածքին։ Թե որտեղից է առաջացել ցուցմունքների տարբերությունը, Գասպարյանը չի կարող ասել, բայց ենթադրում է, որ պատճառը հարցաքննության ժամանակ մարդու հուզվելն է, իսկ քննիչները տվել են ուղղորդող հարցեր։ Հարցին, թե արդյոք ինքն անձամբ բախվե՞լ է քննիչի նման վարքագծին, Գասպարյանը հայտարարել է, որ ինքն իրավաբան է և գիտի, թե ինչպես են քննիչներն աշխատում։ Այսինքն՝ խոսքը ոչ թե խախտման մասին է, այլ այն բանի, որ երբ հարցնում են «արդյոք այդպե՞ս է», մարդիկ սովորաբար դրական են պատասխանում, որպեսզի շուտ տուն գնան և չվիճեն քննիչի հետ։

Գասպարյանը հայտնել է, որ մնում է «ՔՊ» անդամ, բայց ակտիվ չէ և նիստերին չի մասնակցում։ Նա դա բացատրել է այլ գործերով ծանրաբեռնված լինելով։ Գասպարյանի խոսքով՝ հանցավոր համաձայնության և փողերի լվացման մեղադրանքն աբսուրդ է։ Նախկին քաղաքապետը պնդում է, որ գործով անցնող ֆիգուրանտներից մեկին նախկինում չի տեսել, և գործում նկարագրված չէ, թե հատկապես ինչպես է ինքը մասնակցել «փողերի լվացմանը», գործողությունները նկարագրված չեն, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման մասով նույնպես չգիտի, թե ինչի մասին է խոսքը։ «Տարածքը ենթակա էր օտարման, թե որն է խախտումը՝ անհասկանալի է։ Չկան նաև տվյալներ, որ որևէ մեկին խոչընդոտել են։ Մրցույթ էր հայտարարվել, և իմ մեղքը չէ, որ մասնակցելու ցանկություն էր հայտնել ընդամենը մեկ մարդ»,- հայտարարել է Գասպարյանը։

Նախկին քաղաքապետը նաև հավաստիացնում է, որ հիմքեր չկան պնդելու, թե իր նկատմամբ հաշվեհարդար կամ պատիժ է իրականացվում։ Գասպարյանը քաղաքավարի հայտարարել է, որ աղմուկ էր բարձրացել, և անհրաժեշտ էր գնահատական տալ։ «Հողն անցել է այն ընտանիքին, որտեղ ես հիմա ապրում եմ, բայց մրցույթի պահին ես ամուսնացած չէի և կապ չունեի այդ ընտանիքի հետ»,- հայտնել է Դիանա Գասպարյանը։

Այն հարցին, թե արդյոք կիսում է իշխանությունների քաղաքականությունը, Գասպարյանը շտապել է հայտարարել, որ չի պատասխանի, քանի որ իր համար «քաղաքականության էջը փակված է»։ Որպես քաղաքացի՝ Գասպարյանը նույնպես չի ցանկացել կիսվել իր տեսակետով։ Նույն կերպ Գասպարյանը պատասխանել է, ավելի ճիշտ՝ չի պատասխանել «ՔՊ»-ից հնարավոր դուրս գալու մասին հարցին։