Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ԵՄ-ին նրա առաջընթացի հետ մեկտեղ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում անցկացված ճեպազրույցում։
«Սա մեզ համար Եվրոպական Միության ներսում մեծ ճանապարհային քարտեզ է՝ պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդակ տալու համար. մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը»,- ասել է Կոսը։
Նրա ասելով՝ այս մոտեցումը վերաբերում է նաև Հայաստանին, որը մտնում է նրա պատասխանատվության շրջանակում՝ որպես ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրահանձնակատարի։
«Եվ մենք նույնպես կատարում ենք մեր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Կոսը։
Նա նշել է, որ Հայաստանը «իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն»։ Որպես օրինակ՝ Կոսը նշել է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։
«Այս պահին սա միակ երկիրն է, որի հետ մենք վարում ենք բանակցություններ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ»,- ասել է եվրահանձնակատարը։
Կոսը հիշեցրել է նաև Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցության մասին՝ Ռուսաստանի արտահանման սահմանափակումների ֆոնին։
«Մենք շատ հարցերում օգնում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»,- հայտարարել է նա։
Կոսի ասելով՝ ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ ընդունվել են ինքնավար առևտրային միջոցներ, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս իր արտադրանքի շուրջ 80%-ը արտահանել Եվրամիություն՝ առանց մաքսատուրքերի։
«Անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի օգնությամբ մենք ընդունել ենք ինքնավար առևտրային միջոցներ, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքի 80%-ը արտահանել Եվրամիություն առանց մաքսատուրքերի»,- ասել է Կոսը։
Նա նշել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման աջակցության առանձին փաթեթի առկայությունը։
«Իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ երկրի տնտեսական զարգացման համար»,- հայտարարել է եվրահանձնակատարը։











