Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 7–ի նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը կոչ արեց հոտընկայս ծափահարել Շաքի բնակիչ կնոջը՝ Անի Ավետիսյանին։
Ընդդիմադիր պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին, ՔՊ–ականներից ոմանք ևս ծափահարեցին, բայց նստած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ամբիոնի մոտ և ասաց. «Ես հոտընկայս ծափահարում եմ ձեր դերասանությանը, որովհետև ավելի անադեկվատ դերասաններ դժվար է գտնել։ Ուղղակի դուք անտաղանդության, անտրամաբանության կատարյալ ռեկորդներ եք խփում։ Դուք ընդիմություն չեք, դուք նվեր եք։ Էդ որ ասում եք՝ ժողովուրդը էս կանի, էն կանի, քանի դեռ ձեր նման ընդդիմություններ են Հայաստանում, դուք նվեր եք, ես ձեզ հոտընկայս ծափահարում եմ և մեզ շնորհավորում եմ նման նվեր ունենալու առիթով։
Երեք օր անցել է այդ հերոսությունից, այ տնաշեններ, սպասում էիք ես գայի, նոր հոտընկայս ծափահարեի՞ք։ Ընդ որում հարցուպատասխանը սկսվել է ժամը 16:30, արդեն անցել են ժամեր, ինչի՞ էիք սպասում, հոտընկայս ծափահարեիք։
Ես առաջարկում եմ՝ սրանից հետո ձեր բոլոր նիստերը սկսեք հոտընկայս ծափահարություններով, որովհետև այդ դարակազմիկ ահաբեկչությունը կանխելը, ընդամենը հինգ վայրկյան հոտընկայս ծափահարություննե՞ր։ Ձե՞ռ եք առնում, նսեմացնում եք դուք»։
Իր հերթին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ընդհանրապես ես առաջարկում եմ այս դահլիճում հոտնկայս ծափահարությունների կամ մեկ րոպե լռության մարաթոն չհայտարարենք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա վերածվում է տարբեր տեսակի ողբերգությունների և կամ դեպքերի քաղաքական օգտագործման, մանիպուլացման, կթման, դիակապտության և այլ երևույթների։ Մենք էլ կարող ենք, օրինակ, 46 թեմա բերել հիմա հոտնկայս ծափարելու, որ ձեզ, օրինակ, անհարմար դրության մեջ կդնի։ Օրինակ, ես հիմա կարող եմ առաջարկել հոտնկայս ծափարել բոլոր հայ սակրավորներին, ի հեճուկս այն սրիկաների, որոնք ցանկացել են նրանց մահը։ Ի՞նչ եք անելու, ծանր դրության մեջ եք, չէ՞, մտնելու։ Մի կողմից պետք է ծափարեք հայ սակրավորներին, մյուս կողմից պետք է խոստովանեք, որ ձեր մեջ սրիկա կա, եկեք չմտնենք այդ դաշտ։ Ամեն ինչ շատ հստակ է, պետք չի հարցնել՝ «այսինքն»։











