Ես համաձայն չեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից պետական սահմանը հատելու և ՀՀ քաղաքացու ու նրա ընտանիքի դեմ հանցագործություն կատարելու հարցում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը։
«Նա, մասնավորապես, ասել է, թե սա սովորական քրեական միջադեպ է, իբր սովորական հանցագործություն է։ Անշուշտ, դա այդպես չէ։ Չեմ կարծում, թե որևէ մտածող մարդ այս դեպքը որակեր որպես ինչ-որ հասարակ հանցագործություն։ Եվ սա այն պարագայում, երբ իրենք անդադար խոսում են հաստատված խաղաղության մասին։ Այդ ադրբեջանցի զինվորը պարզապես մոլորվելով չէ, որ հայտնվել է Հայաստանի տարածքում․ նա, ըստ էության, զինված հատել է սահմանը, կարողացել է խորանալ 10 և ավելի կիլոմետր, մտել է Հայաստանի քաղաքացու տուն, և, ցավոք, տեղի է ունեցել այն, ինչի մասին բոլորս էլ գիտենք», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այս ամենը չի տեղավորվում որևէ առողջ տրամաբանության մեջ։
Պատգամավորին հատկապես դուր չէր եկել այն, որ իշխանությունները «շատ նուրբ» փորձել են տեղի ունեցածի մեղքը բարդել տուժած կնոջ վրա, ով ընդամենը փորձել է պաշտպանել իր ընտանիքը։ Քոչարյանն իշխանությունների նման պահվածքը որակեց շատ տհաճ և անընդունելի։











