Ես ինքս ունեմ համոզմունքներ, թե որ դեպքերում է, որ զոհվածների մարմինների ԴՆԹ նույնականացումը ճիշտ է, որ դեպքերում է, որ նույնականացումը չասեմ սխալ է, բայց շատ փնթի է իրականացվել և ծնողը տեսնելով այդ ամբողջ գործողությունների շղթան, դրան գումարվելով իր կանխակալությունը, կասկած է առաջացել այդ արդյունքների վերաբերյալ, և դրան պետք է մենք հարգանքով մոտենանք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անհետ կորածների հարազատների հանդիպման ժամանակ նշեց անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը, ով նաև անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհին է։

«Հիմնականում թեստը արվել է հայկական լաբորատորիաներում, թեև դրսում էլ է արվել։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց երբ պարկերով հավաքում էին այդ մասունքերը ,բերում էին, շատ խախտումներով է իրականացրել Հերացու վրա գտնվող դատաբժշկական կենտրոնը։ Այդ ժամանակ շատ սխալ արդյունքներ եղան։ Իմ համոզմունքն այն է, որ դա միայն այդ անձի խնդիրը չի եղել, դա եղել է համակարգի խնդիր, պատրաստ չի եղել համակարգը այդ ծավալով աշխատանքներ իրականացնելու։

Այդ մասունքները մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել, և ոչ ոք չգիտի, թե այդ մի պարկի մեջ քանի հոգու մասունք կարող է լինել։ Այդ ամեն ինչը խառնաշփոթի է բերել։ Կարող է այդ պարկից մեկ մասունք հանվել է, նույնականացվել է, գտել են, հուղարկավորել են, և այլևս մյուս մասունքները այդ նույն պարկի չեն անցել նույնականացում։ Բայց գուցե այդ պարկում նաև ուրիշ զինվորի մասունքներ կային, և այդ զինվորի հարազատները մինչ օրս պատասխան չունեն»,–ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նկատեց, որ եթե վստահություն չկա պետական համակարգի ու լաբորատորիաների վերաբերյալ, կարելի է մի քանի կետից նմուշառում լինի և որևէ եվրոպական լաբորատորիայում անցկացվի այդ անալիզը, որ ծնողներն ու հարազատները վստահ լինեն, որ անաչառ են։

Զողոյանն արձագանքեց, որ դա լավագույն միջոցն է, բայց դա պետք է արվի ծնողին ամեն քայլը տեղեկացնելով. «Նիդերլանդներում կա անհայտ կորած անձանց միջազգային կոմիտե, որը ունի աշխարհի ամենաառաջավոր լաբորատորիան, մոխրացած, շատ մոդիֆիկացիաների ենթարկված մասունքներից կարողանում են անջատել ԴՆԹ-ն, բայց այս կազմակերպությունը իրականացրել է ընդամենը մոտ 50 խնդրահարույց դեպքի վերաբերյալ հետազոտություն։ Բայց խնդիրը այն է, որ այս անվստահության մթնոլորտը պահանջում է, որ ամբողջ պրոցեսը իրականացնի երրորդ անկողմնական մարդ»։

Նարեկ Կարապետյանն առաջարկեց ստեղծել հնարավորություն, որ պատվիրատուն լինի ծնողը, հարազատը և ոչ թե պետությունը, ֆինանսավորումն ապահովի բարեգործական հիմնադրամներից մեկը, ծնողը համաձայնությունը տա, ամբողջ պրոցեսը վերահսկի։