Կա զոհված զինծառայողների մասունքների 81 նույնականացման դեպք, որի հետ ծնողները համամիտ չեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անհետ կորածների հարազատների հանդիպման ժամանակ նշեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

«Այն ժամանակից, երբ այդ մարմինները արդեն նեխածության բարձր աստիճանով Արցախից տեղափոխվում էին Հայաստան, գոնե այն ժամանակ այդ մարմինների պահման պայմանները պետք է ապահովվեին, դա չի արվել։ Կարող եմ մի քանի օրինակ բերել, թե ոնց են տարել Կապանի մորգի երկրորդ հարկում տղերքի մարմինները դրել բաց տարածքում ու նորից շարունակել նեխացնել։ Ունենք վեց արտաշիրիմում, որոնք օրինական ձևով քննչական կոմիտեն ընդունել է, որ իրենք սխալ են կատարել։ Ոչ ոք հիմա չի կարող ինձ երաշխիք տալ, որ հենց 6 է եղել, ոչ թե 60 կամ 600, քանի որ դատաբժշկական մորգի աշխատողն ասում էր՝ բա ի՞նչ եք ուզում, 24/7 գրաֆիկով կորոնայի պայմաններում աշխատել ենք, կարող է սխալ էլ արած լինենք։ Բայց այդ սխալը մարդկային ճակատագրեր են։ Հիմա, երբ իշխանության նկատմամբ հավատը կորել է, դուք չեք կարող ասել՝ եկեք տանենք Իտալիայում հետազոտություն անենք։

Պետք է ապացուցել, որ որ մարդկանց մոտ կես գրամ կասկած չմնա, ու էդ պիտի արվի միայն և միայն Հայաստանում, պիտի արվի անկախ փորձագետների խմբով, որոնք կհրավիրվեն այլ երկրներից։ Երկրորդը, դա պիտի արվի օնլայն ռեժիմով, թափանցիկ»,–ասաց նա։