Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այս պահին հավաքվել են մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր և բողոքում են, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։
Քանդման ենթակա խանութներից մեկի վարձակալ Էդիկ Ֆահրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր գնումները արդեն կատարել ենք, ճանապարհին է, հասնում է։ Քանի որ քաղաքապետի հետ հանդիպում չենք կարողանում կազմակերպել, երեկ դիմեցինք թաղապետարան, ասացինք՝ խնդրեք գոնե մինչև տարվա վերջ հետաձգեն, որ մենք կարողանանք մեզ նոր խանութ ման գալ, տեղավորվել։ Մենք նախապատրաստվել ենք այս ձմեռային սեզոնին, որ կարողանանք այդ ապրանքները իրացնել։ Ասում են՝ չի լինի։ Ասում են՝ հանրային գերակա շահ է, պիտի քանդենք։ Իսկ մենք այդ հանրության մեջ չենք մտնո՞ւմ։ Աշխատում ենք, հարկ ենք ստեղծում աշխատող ենք պահում, այդ աշխատողը ընտանիք է պահում, կարելի՞ է մեզ ընդառաջել գոնե մի երկու ամիս։
Մեր խնդրին ոչ լուծում են տալիս, ոչ միջնորդում է, որ մենք հանդիպենք, այսպես անորոշ վիճակի մեջ ենք։ Ասում են՝ չորս օրից քանդում ենք։ Եթե դուք կարողանաք 4-5 օրում նոր տարածք գտնել՝ նորմալ վարձով, տեղափոխվեք այդ նոր տարածք և աշխատեք, ես իմ խանութի ամբողջ եղածը կտամ ձեզ։ Դա անհնար է, չի կարելի այսպես»։











