Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը։

Այստեղ է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Հարություն Մնացականյանը, ով նշեց. «Տեսեք, որ որակն էլ շատ լավն է, ջերմատնային լոլիկից էլ էլի չի տարբերվում իրականում, բայց սուբսիդիան հանելուց հետո մարդիկ չեն կարողանում վաճառել։ Հետաքրքիրն այն է, որ սուպերմարկետներում 550 դրամի կարգի է վաճառվում, այս մարդիկ 80-100 դրամով չեն կարողանում վաճառել։

Մենակ բանվորներին, ժամը 1000 դրամից ավել են վճարում, պլյուս բեռնատարի համար են վճարում 20 000 դրամ, հասցնում են Հովտաշատի շուկա և չի վաճառվում։ Մարդիկ մնացել են փակուղային վիճակում»։

Գյուղացիներից մեկն էլ ասաց. «Եկեք ես 150 դրամով տամ, ոչ թե գնացեք 450 դրամով առեք։ Մթերողներն են գին թելադրում, 50 դրամով չեն տանում, եթե տանեին, կտայի, նաղդ փողը կվերցնեի, ոչ թե կբերեի այստեղ, կթափեի։ Արդեն երրորդն օրն է, որ այս վիճակն է»։

Մեկ ուրիշն էլ հավելեց, որ իրենցից վերցնում են 50 դրամով, տանում 300 դրամով են վաճառում. «Մենք մշակելու հարցում ոչ մի թերություն չունենք։ 40 դրամով են ուզում, եթե 40 դրամով տամ, տանեն, ի՞նչ եմ ստանալու։ Ժամը 1000 դրամ ես աշխատողին փող եմ տալիս, հինգ աշխատող աշխատում են։ 50 000 փող պիտի տամ աշխատողներին, բա ինձ ի՞նչ է մնալու տակը՝ 10 հազա՞ր։ Դա էլ չի մնում։

Անցած տարի նորմալ ապրանքը ծախվել է, որովհետև մեծ ընկերությունների ապրանքը դուրս է եկել երկրից, էն մնացածը կարիք ունեին մեր ապրանքի։ Հիմա ճամփեն փակվել է, էդ ապրանքը դուրս չի գալիս, ո՞վ է վերցնելու իմ պամիդորը։ Կգնա «Սպայկայի» պամիդորը կվերցնի։ Մենք ոչ մեկին մեղավոր չենք հանում, ուղղակի ուզում ենք մեր հարցը լուծվի»։