Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, չի վաճառվում ապրանքը, քանի որ երկրից չի արտահանվում, պահանջարկը քիչ է։

«Բացի մեզնից, որ լոլիկը չենք կարողանում վաճառել, այսօր խնդիր ունեն նաև թունաքիմիկատներ վաճառող խանութների տերերը, որ լավություն են արել, մեզ միլիոններով նիսյա ապրանք են տվել, որ այսօր մենք պետք է փակվեինք, ու չենք կարողանում։ Խնդիր ունեն տրակտորիստները, որ մեր վարուցանքը արել են, որ այսօր պետք է փակվեինք։ Բոլորի համար խնդիր է առաջացել լոլիկի չծախվելու պատճառով։

1993 թվականից, մութ տարիներից սկսած չի եղել այս խնդիրը։ Ամենաէժան գինը եղել է 2020 թվականին, պատերազմ էր, բոլորս հասկանում էինք, որ պատերազմ է։ Բայց այն ժամանակ վաճառքի խնդիր չկար, գինը մի քիչ ցածր էր, 130-150 դրամ։ 100 արկղ քաղում, տանում էի շուկա, մի երկու ժամում վաճառում էի, գալիս էի, հաջորդ օրը նորից էի հավաքում։ Իսկ այսօր այդ 100 արկղից շատ քիչն է մարդը վաճառում։ Հիմա 25 դրամով նիսյա կդատարկի ու չգիտի՝ երբ կվերցնի այդ 25 դրամը։ Սա այն դեպքում, որ մեր վրա այդ լոլիկը նստել է 120 դրամ։

Այսօր մարզպետարանի պատասխանատուն ասում է՝ գործարանը բաց է, 40 դրամով տարեք հանձնեք։ Բայց մենք չենք արտադրում տոմատացու լոլիկ։ Հատուկ արտեր կան, գյուղեր կան, որ արտադրում են էժան լոլիկ այն ակնկալիքով, որ 40 դրամը իրենց ձեռնտու է, մեզ ձեռնտու չի, մենք արտադրում ենք թանկարժեք էլիտար սորտի լոլիկներ, որ այսօր ռեստորանների սեղանին դրվի, մարդկանց սեղաններին դրվի։

Մենք մեզ թանկարժեք ծախսեր ենք թույլ տվել, ակնկալիքով, որ պետք է լոլիկը գոնե 150-ից 200 դրամով վաճառվի, որ գոնե 50 դրամը մեզ մնա։

Մինչև հիմա ընտանիքով էինք աշխատում, 5000 մետր գյուղում հող ունենք, բայց այդ 5000 մետրով չի լինում մեծ հարցեր լուծել, հիմա մի քիչ հողը շատացրել ենք, այս տարի տղաս Արտաշատի համայնքում վարձակալությամբ հողեր է վերցրել։ Վարձակալությունը փող է, ջրի համար ժամը 1300 դրամ վճարում ենք, պլյուս դրան բենզինի պոմպով եմ ջրում, դա էլ ժամը 1200 դրամ։ Ամեն երրորդ օրը ջրում եմ, ամեն ջուրը 30000 դրամ։ Այսօր հավաքողը, լոլիկը հավաքում է 8000 դրամ, կրողը հավաքում է 10000 դրամ, մինուսով ենք աշխատում այս պահին։ Հավաքածդ բերքը իրացրեցիր 40-50 դրամով, քո վրա 100 դրամ նստած է»,–ասաց նա՝ հավելելով, որ ապրանքը լճացել է, չի վաճառվում։