Տևական ժամանակ գրեթե բոլորին էլ հայտնի է, որ եկեղեցու ներսում կա, այսպես կոչված, սև թաքնված փողերի շրջանառություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

«Իսկ ինչի՞ պետք չէ, որ բարձրաստիճան եկեղեցականները այսուհետև սկսեն տարեկան հայտարարագիր ներկայացնել, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես կարծում եմ, որ պետք է։ Այդ կերպ օրենսդրական ճանապարհով փորձելու ենք լուծումներ գտնել»,–ասաց նա։

Հարցին՝ այդ խնդիրները հասցեագրելու համար արդյո՞ք պետք էր հանձնաժողով ձևավորել, Չախոյանը պատասխանեց. «Վարչապետի աշխատակազմի կողմից պատրաստված ու հրապարակված այդ զեկույցում այնքան բանի մասին էր խոսվում։ Եթե ձեզ թվում է, թե մատի մեկ հպումով կարելի էր այդ բոլոր հարցերին լուծում տալ, ես կարծում եմ՝ ոչ: Առավել ևս, որ այդ թվում նաև ընդդիմադիր մամուլի կողմից բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է այն փաստը, Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է։ Կտրիճ ներսիսյանի կողմից այդ փաստը, այդ հանգամանքը երբեք չի հերքվել։ Մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը, նույնիսկ ճանաչում է Կտրիճ Ներսիսյանի դստերը, բայց ես կխնդրեմ զերծ մնալ դստերը թիրախավորելուց»։

Հարցին՝ ինքը աստվածաբանական գիտելիքներ ունի՞, որ ընդգրկվել է այդ հարցով ձևավորված քննիչ հանձնաժողովում, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Մասնագիտական, աստվածաբանության, որպես այդպիսին, գիտելիքներ չունեմ, բայց քննիչ հանձնաժողովում կան ներկայացուցիչներ, որոնք ունեն այդ մասնագիտությունը, և ես վստահ եմ, որ մեր գործընկերները այդ բացը կարող են լրացնել։

Քննիչ հանձնաժողովը բարեփոխում իրականացնող մարմինը չէ, քննիչ հանձնաժողովը ստեղծված է խնդիրները վեր հանելու և դրանց շուրջ օրենսդրական լուծումներ առաջարկելու համար, որպեսզի եկեղեցին բարեփոխվի։ Քննիչ հանձնաժողովի արած աշխատանքը բարեփոխման մի մասն է, բայց ոչ ամբողջությամբ, մեկը մյուսի հետ եկեք շփոթենք»։ Չախոյանը չբացառեց, որ հենց այս շաբաթ էլ կարող է գումարվել քննիչ հանձնաժողովի առաին նիստը, որը հնարավոր է լինի բաց։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը չի մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ես մեղավոր չեմ, որ ընդդիմությունը ձեռքերը լվացել է այս թեմայից ու հեռու է քաշվել։ Բա թող գան այդ հանձնաժողովի նիստերին պաշտպանեն իրենց Կտրիճին, թող գան ապացուցեն, որ այդ մարդը կուսակրոնության ուխտը չի խախտել, թող գան ապացուցեն, որ եկեղեցին Թալինի թիվ մեկ մանկապարտեզը չի զավթել ու ավերակների վերածել։

Ընդդիմադիր պատգամավորները ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, ասում էին՝ մեր ազգային արժեքները, մեր ազգային ինքնությունը, մի փորձեք թիրախավորել եկեղեցուն, բա թող գան քննիչ հանձնաժողովում պաշտպանեին իրենց ազգային ինքնությունը»։ Տարոն Չախոյանը հայտարարեց. «Եկեղեցում Կտրիճ Ներսիսյանի ձեռամբ իրականացվում է հիերարխիկ կառավարում։ Բոլորը կախված են մեկ անձի ցանկություններից ու քանի որ նման կախվածություն կա, հոգևորականներ, ոչ միայն կաշկանդված են, այլ նաև վախեցած են բարձրաձայնել բացասական երևույթների մասին։ Քննիչ հանձնաժողովը այդ թվում նաև ստեղծված է, այդ մարդկանց հրավիրելու, իրենց հետ խոսելու, իրենց մտահոգությունները լսելու համար։ Այս ընթացքում եղել են բազմաթիվ հոգևորականներ, որոնք կապի են դուրս եկել, ցանկություն հայտնելով, որ ունեն տեղեկություններ, կարող են նշել փաստեր և պատրաստ են դրանք տրամադրել քննիչ հանձնաժողովին։ Նրանց մեջ կան բարձրաստիճան հոգևորականներ, կան նաև ոչ բարձրաստիճան հոգևորականներ»։