Պետությունը վարում է ջայլամային քաղաքականություն, մենք զանգահարեցինք ոստիկանություն, սակայն ոստիկանները արդեն մեկ ժամ է՝ չեն ժամանում, թեև բաժանմունքն այստեղից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է, դա էլ հենց համակարգային կոռուպցիան է։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքապետարանի պաշտոնյաները փորձում էին քանդել կրպակները, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Քաղաքապետարանն այժմ դիմում է հանցավոր քայլերի՝ զբաղվելով ծառայողական լիազորությունների չարաշահմամբ և քաղաքացիներին առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելով»,- նշել է նա։

Մանուկյանը պարզաբանել է, որ հարցի էությունն այն է, որ սեփականատերերը պահանջում են փոխհատուցում այն կրպակների քանդման համար, որոնք գտնվում են հանրային գերակա շահ ճանաչված տարածքում։

«Իշխանությունները չցանկացան շարժվել այս տրամաբանությամբ։ Դրանից հետո քաղաքացիները դիմեցին դատարան, որը պաշտոնյաներին կոչ արեց ձեռնպահ մնալ հանցավոր արարքներից։ Սակայն պաշտոնյաները գիշերով հավաքվել էին, որպեսզի քանդեն կրպակները։

Տարածքային վարչակազմի ղեկավարը ևս ժամանել էր տեղանք՝ ցույց տալու համար, որ ինքն է գլխավորել հանցավոր խմբի գործողությունները»,- ընդգծել է պատգամավորը։