Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ Շինարարների փողոցում գտնվող խանութները պետք է ապամոնտաժվեն։
Հիշեցնենք, որ նախօրեին խանութատերերը հանդիպում էին խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն վերջինս, խիստ ծանրաբեռնվածության պատճառով, խուսափել էր հանդիպումից։ Ապօրինի շինությունների մի մասն արդեն քանդել են, սակայն մեծ մասը, ինչպես պնդում են սեփականատերերը, օրինական են։ Ոմանք նույնիսկ հասցրել են դիմել դատարան և ձեռքի տակ ունեն հայցը վարույթ ընդունելու մասին որոշում։
«Իրականում բոլոր խանութներն էլ նույն կարգավիճակում են, պարզապես մենք ավելի շուտ կռահեցինք, թե ուր է գնում հարցը, ու դիմեցինք դատարան։ Դրա համար էլ բանավոր զգուշացնում էին, կիրակի օրով գալիս, ուզում էին գիշերով քանդել, որպեսզի մարդիկ ժամանակ չունենան դատարան դիմելու։ Մեր փաստաբանն արդեն ուղարկել է համապատասխան փաստաթուղթը»,— հայտնել է խանութներից մեկի սեփականատեր Դավիթը։
Անդրադառնալով թաղապետարանի այն պնդումներին, թե անցորդները դժգոհում են մայթերը «զբաղեցնելու» համար, խանութատերերը հակադարձեցին, որ բնակիչներն իրենց լրիվ հակառակն են ասում․ շուրջբոլորը բնակելի շենքեր են, և մարդկանց համար շատ հարմար է առևտուրն անել հենց այստեղ, այլ ոչ թե կիլոմետրերով հեռու գնալ։ «Դատարանի որոշում կա, քաղաքապետարանը պետք է հաշվի նստի մեր իրավունքների հետ։ Ցանկացած պարագայում պարտավոր են փոխհատուցել․ անգամ նրանց, ովքեր դատարան չեն դիմել, միևնույն է՝ պարտավոր են փոխհատուցել»,— ընդգծեց տնտեսվարողը։
Իշխանություններն իբրև հիմնավորում բերում են քաղաքի կանաչապատման անհրաժեշտությունը։ «Մենք միայն կողմ ենք կանաչապատմանը։ Բայց դե նայեք դատարկ գազոններին․ այնտեղ կանաչ տեսնո՞ւմ եք։ Այսինքն՝ բոլոր ազատ տարածքները կանաչապատեցին, մնաց խանութների հաշվի՞ն անեն։ Ո՞րն է ավելի լավ՝ 500 ընտանիքի առանց հացի՞ թողնել, թե՞ կանաչապատում անել։ Մենք դեմ չենք կանաչապատմանը, բայց ոչ մարդկանց հաշվին»,— հայտարարեց սեփականատերը՝ հավելելով, որ իշխանություններն այնքան ոստիկանական ուժեր են բերել, որքան անգամ ցույցերի ժամանակ չեն տեսել։
Ապամոնտաժում են նաև այն խանութը, որի գործունեության ժամկետը երկարաձգված է մինչև 2029 թվականը, և որի տերերը ցույց են տալիս հենց Ավինյանի ստորագրությամբ փաստաթղթերը՝ սա պատճառաբանելով «նոր ի հայտ եկած հանգամանքներով»։
Լրագրողների հետ զրույցում նույն միտքն արտահայտեց նաև վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ հենց այսօր իր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է, այնինչ հարյուրավոր մարդիկ զրկվում են ապրուստի միջոցից, Սարգսյանը նախ փորձեց վստահեցնել, թե տեղյակ չէ իր բարեկեցության սպասվող բարելավումից, ապա հայտարարեց, թե աշխատավարձն այնքան էլ շատ չի բարձրանալու (մոտ երկու անգամ)։ Այնուամենայնիվ, Սարգսյանը հայտնեց, որ սեփականատերերի հետ բանակցություններ են լինելու փոխհատուցման շուրջ։ Նման ամորֆ ձևակերպումը, սակայն, կարող է ցանկացած բան ենթադրել։
Հարցերին պատասխանելիս Սերոբ Սարգսյանը փորձում էր մեղադրանքներ ուղղել ընդդիմությանը, մասնավորապես՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, որը դուրս էր եկել պաշտպանելու պարզ մարդկանց իրավունքները։ Մանուկյանի գործողություններում Սարգսյանը տեսնում է բացառապես անձնական շահագրգռվածություն և ազգականի բենզալցակայանը քանդումից փրկելու փորձ։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ իր և քաղաքական իշխանության համար հանրային շահն առաջնահերթ է, և տարածքները պետք է վերադարձվեն ժողովրդին։ «Քաղաքապետի որոշումներով ամեն ինչ ապամոնտաժվելու է։ Բոլոր սեփականատերերի հետ կքննարկենք, նրանց չենք մոռանա, կօգնենք խանութների վարձակալության հարցում»,— խոստացավ Սարգսյանը։
Խանութի սեփականատերը, արձագանքելով Սարգսյանի խոստումներին, հիշեցրեց, որ ապամոնտաժումից հետո անհնար կլինի գնահատել հասցված վնասը։ «Մեր հաշվին պարգևավճարներ եք ստանում, ձեր աշխատավարձերն եք բարձրացնում։ Հենց թաղապետի աշխատավարձը բարձրանում է 400 հազարով․ դա մի ամբողջ ընտանիքի մեկ ամսվա բյուջե է։ Իսկ սովորական մարդիկ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում»,— ընդգծեց տղամարդը։
Դրանից հետո տեխնիկան անցավ շինությունների ապամոնտաժմանը։
Դեպքի վայր ժամանած Մեսրոպ Մանուկյանը կրկնեց ակնհայտ փաստը․ քանդվում են օրինական հիմքերով գործող շինություններ, որոնց վերաբերյալ կան դատարանի որոշումներ, իսկ իշխանություններն արհամարհում են դատարանը։ «Իմ ողջ գույքն օրինական է։ Եթե խոսքն աներձագիս մասին է, ապա նա էլ ունի փաստաթղթեր, գործում է օրենքի սահմաններում։ Քանի որ նա (Սերոբ Սարգսյանը) գործում է ապօրինի և դրա համար կանգնելու է դատարանի առաջ, այնքան է լկտիացել, որ նախատում է մարդկանց, փորձեց նաև ինձ վիրավորել, այնինչ մարդկանց կողքին լինելը պատգամավորի ուղղակի պարտականությունն է։ Պարզ է, որ նրա նպատակը թեման շեղելն է»,— հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով, որ Սարգսյանի նշած լցակայանը կառուցվել է ոչ թե կնոջ ընտանիքի կողմից, այլ գնվել է այն ժամանակ, երբ ինքը դեռ ծանոթ էլ չէր ապագա կնոջ հետ։
«Շատ կարևոր է արձանագրել, որ այս մարդիկ (իշխանությունն ընդհանրապես և թաղապետն անձամբ) կարծում են, թե երկրում ամենաթողություն է տիրում։ Նրանք հանցագործություն են կատարում։ Կարգն այսպիսին է՝ ճանաչել գերակա շահ, փոխհատուցել վնասը, նոր միայն քանդել։ Քաղաքացին պետք է պաշտպանված լինի երկրում, այլ ոչ թե հակառակը։ Եթե կադաստրի վկայական կա, չի կարող ապամոնտաժվել։ Նրանք հակառակն են անում, ու որպեսզի դա կոծկեն, սլաքները շեղում են»,— հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը՝ խոստանալով մինչև վերջ գնալ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։
Կադաստրի փաստաթուղթ ունեցող խանութի ապամոնտաժումը վեճի պատճառ դարձավ Սերոբ Սարգսյանի և Մեսրոպ Մանուկյանի միջև։ Տարածքի քանդումը թաղապետը պատճառաբանեց «գեոդեզիական նոր չափագրումներով»։ Պատգամավորն ուշադրություն հրավիրեց տեղի ունեցող ապօրինության վրա, ինչին Սարգսյանը պատասխանեց վիրավորանքներով։ Բացառված չէ, որ իշխանության երկու ճյուղերի ներկայացուցիչները կարող էին ձեռնամարտի բռնվել, եթե չխանգարեր նրանց արանքում հայտնված մեքենան։
Մեսրոպ Մանուկյանը պահանջել, ստացել և հանրայնացրել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ չափագրումների նոր արդյունքների պատճառով օբյեկտը ենթակա է ապամոնտաժման։ Պարզվել է, որ ստացված փաստաթուղթը չի ունեցել ամսաթիվ և հստակ հիմքեր։
«Քաղաքական որոշում են կայացրել՝ անելու այն, ինչ իրենք են ուզում։ Ապամոնտաժումից հետո ինչպե՞ս են գնահատելու վնասը։ Կամ էլ հասկանում են, որ իշխանության չեն լինելու, ու իրենց համար մեկ է, թեև փոխհատուցումն էլ իրենց գրպանից չեն տալիս, այլ մեր հարկերից։ Քաղաքացիները վճարում են նրանց կառավարման համար։ Դեռ մի բան էլ վիրավորում են քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ քաղաքացիները «վարչապետ» էին, հիմա դարձել են «կրպակատեր»։ Բացահայտ խուլիգանություն է տեղի ունենում»,— իրավիճակը գնահատեց պատգամավորը՝ խոստանալով, որ իր ապօրինի գործողությունների համար վարչական շրջանի ղեկավարը պատասխանատվության է ենթարկվելու։
Իրավիճակը պարբերաբար լարվում էր, ինչին մեծապես նպաստում էր վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի պահվածքը։ Վրդովված զինվորի մայրը, ումից խլում են սեփականությունը, Սարգսյանի երեսին ասաց, թե վերջինս նեղացածի դեմք ունի։ Սարգսյանն էլ ի պատասխան հայտարարեց, թե կնոջ դեմքը «Ռոբերտ Քոչարյանի դեմքն է»։ Սարգսյանի վարքագիծը մի քանի անգամ իրավիճակը հասցրեց ծեծկռտուքի շեմին։











