Այսօր Երևանի ավագանին աշխատավարձերի բարձրացման հարց չի քննարկել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Այսօր Երևանի ավագանին հաստատեց գործակիցներ, որոնց բազմապատկվելու է բազային աշխատավարձը։ Օրենսդրությամբ կան նվազագույն աշխատավարձի որոշակի սահմանաչափեր՝ 80-ապատիկից մինչև 120-ապատիկի չափը։ Երևան քաղաքի բյուջեով, որը մենք առաջիկայում պետք է քննարկենք, հաստատվելու է այն բազային աշխատավարձի թիվը, որով բազմապատկվելու են գործակիցները։ Հետևաբար, մենք այսօր գործակիցներ հաստատելով ոչ թե աշխատավարձեր ենք բարձրացրել, այլ պարզապես սահմանել ենք գործակիցներ։

Բազային թիվը 80–ապատիկից մինչև 120–ապատիկ միջակայքում որ թվի վրա կկանգնի, դա բյուջեի նախագծով է լինելու։ Այո, սրա նպատակը աշխատավարձերի վերանայումն է։ Երևան քաղաքում վերջին անգամ բուն կենտրոնական ապարատի աշխատավարձերի վերանայում տեղի է ունեցել հինգ տարի առաջ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է այդ հարցը ավագանու նիստի չզեկուցվող հարցերի մեջ ներառված, Գալջյանը պատասխանեց, որ դա տեխնիկական հարց է, անգամ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում այդ հարցը շատ կարճ է քննարկվել, որովհետև այդ նախագծի մեջ ըստ էության բովանդակություն չկա, տեխնիկական թվեր են։

Մենք այս պահին ունենք աշխատավարձ և պարգևավճար, հիմա պլանավորում ենք պարգևավճար ասվածը դարձնել աշխատավարձի մաս։ Եթե մենք, օրինակ, դիտարկենք կոնկրետ աշխատակիցների կամ պաշտոնյաների դեպքերով, մենք կտեսնենք, որ այն հարաբերակցությունը հանրագումարային, որ իրենք ստանում էին աշխատավարձ պլյուս պարգևավճար, այս գործակիցների արդյունքում ավելի ցածր թիվ է լինելու, քան մինչև սա իրենք ստանում էին փաստացի։ Գրեթե բոլորինը ավելի ցածր է լինելու։ Պարգևավճարների ֆոնդի մասով կա իջեցում։ Այս պահին պարգևավճարների համար նախատեսվում է բյուջեի 2 տոկոսը, որը շատ քիչ է և որով հնարավոր չէ տալ այն պարգևավճարները, որոնք մինչ այս տրվել են»,–ասաց Գալջյանը։

Հարցին՝ ինչու՞ է առաջացել աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությունը, ո՞ր արդյունավետ աշխատանքի համար են աշխատավարձերը բարձրանում, ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երևանի քաղաքապետարանը աշխատուժի շուկայում մրցակից է, և որպեսզի ինքը մրցակցության մեջ կարողանա գոյատևել, պետք է կարողանա համապատասխան ոլորտի մասնագետներին այնքան աշխատավարձ առաջարկել, որ տվյալ մասնագետը ուզենա քաղաքապետարանում աշխատել։ Միջին ամսական աշխատավարձը 2021–ին եղել է 214 000 դրամ, հիմա միջին ամսական աշխատավարձը 301 000 դրամ է։ Այսինքն մոտավորապես 53%-ով աճել է։ Սա ենթադրում է, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես պետք է այդ տրամաբանությամբ առաջ գնա։

Երևան քաղաքն ունեցել է Գագիկ Բեգլարյան քաղաքապետ, ինչքան աշխատավարձ էր ստանում Գագիկ Բեգլարյանը և ինչ ունեցված ունի Գագիկ Բեգլարյանը։ Ինչքան աշխատավարձ էր ստանում Տարոն Մարգարյանը՝ 400 000 դրամ, Բեգլարյանը 400 000 դրամով ունի այդքան գույքե՞ր։ Իրենք ստանալով այն ժամանակ շատ ցածր աշխատավարձ, իրականում տակից ամբողջ քաղաքը իրենց սեփականությունն են դարձրել։ Մենք ունենք փորձ 400000 դրամ ստացող շՇմայս կամ Գագիկ Բեգլարյան, որոնք դարձել են օլիգարխներ»։