Ավագանին այսօրվա իր նիստում ընդամենը սահմանել է աշխատռավարձերի գործակիցները, որոնք պետք է բազմապատկվեն բազային աշխատավարձով, սակայն բազային աշխատավարձը դեռ չկա, իսկ եթե բազայինը չկա, ո՞նց ես եզրակացնում, բարձրանում է աշխատավարձը, թե իջնում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Պետական հատվածում աշխատավարձերը բարձրանում են, ձեր համար դա նորությո՞ւն է, ընդհանուր տենդենցը դա է, որն ունի իր հիմքերը»,–ասաց նա։
Հարցին՝ իր համար դժվա՞ր է ապրել այսօր գործող աշխատավարձով, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ավելի դժվար էլ է եղել, բայց եթե օրինակ, այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, այն նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կամ չի փակում, կամ ավելի դժվարությամբ է փակում։
Այո, ունեմ այդ կարիքը և այդ կարիքի առկայությունը խորթ չի ոչ ձեզ, ոչ մեզ դիտող որևէ քաղաքացու։ Բոլորն էլ նկատել են, որ այն գնողունակությունը, որ ուներ 10.000 դրամը մի տարի առաջ, երկու տարի առաջ, այսօր այդ գնողունակությունը չունի։
Դուք հավատու՞մ եք, որ նախկինում պաշտոնյաները այդ աշխատավարձով են աշխատել։ Ես հիմա շատ պատասխանատու ասում եմ՝ դուք իմ հայտարարագիրը բացում եք, այնտեղ ի՞նչ գումար տեսնում եք, դրանից ոչ մի լումա ավել որևէ տեղից ես ինչ-որ եկամուտ չունեմ։
Այո, ես կարծում եմ, որ պետական համակարգում պետք է մարդիկ ստանան այնքան վարձատրություն, որը ադեկվատ լինի իրենց կրած պատասխանատվությանը և իրենց կատարած աշխատանքին։ Իմ ընտանիքը ապրում է այն գումարով, որը դուք թափանցիկ հայտարարագրով տեսնում եք»,– ընդգծեց Սուրեն Գրիգորյանը։











